2018-ին, թե 2021-ին, ես ՔՊ–ի ցուցակում բավականին հետ էի և երբ հարցրին՝ ինչու, ես ասացի, որ դա մեր վերաբերմունքն է ԽԾԲ-ին։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով վարչապետ Փաշինյանի աներորդին է։
«Հիմա ես ուզում եմ ակտիվ չզբաղվել քաղաքական գործունեությամբ, կարելի է նաև դիտարկել, որ սա էլ ևս մեկ մի փոքրիկ էլեմենտ է այդ ԽԾԲ-ի վերաբերմունքին»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ գուցե չի առաջադրվում, որ Նիկոլ Փաշինյանը խոցելի չդառնա, չասեն՝ աներձագը խորհրդարանում է, Հակոբյանն ասաց. «Կարծում եմ՝ ես այսքան ժամանակ ապացուցել եմ, որ ինձնով խոցելի չի դառնում Փաշինյանը, այնպիսի քաղաքական գործիչ չեմ, որով Փաշինյանը խոցելի կդառնա»։
Հարցին՝ առանց աշխատանքի ինչպե՞ս է ապրելու, արդյոք հույս չի դնելու Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի աջակցության վրա, նա պատասխանեց. «Չասեցի չեմ աշխատելու, ասում եմ՝ դեռ չգիտեմ ինչով եմ զբաղվելու։ Դա չի նշանակում առանց աշխատանք եմ ապրելու։ Վստահաբար ինչ-որ բանով կզբաղվեմ։ Ինչպես և նախկինում, երբ որ պատգամավոր չէի, ես իմ միջոցներով էի վաստակում գումար և ապրում»։
Անդրադառնալով ՔՊ–ի կողմից ընդունված վարքականոններին, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Դա մեզ է վերաբերում, մենք մեր ասածներից ենք ազդվում, մենք համարում ենք, որ մենք չպետք է տրվենք հույզերին, չենք հայհոյելու, չենք վիրավորելու։ Եթե նման բան անենք, համենայնդեպս, քննության առարկա կդառնա, կքննարկվի կուսակցությունում։ Մինչ այս պահը նմանատիպ հարցեր կարող էին քննարկվել, կարող էին չքննարկվել, իսկ հիմա ըստ այդ կանոնագրքի հաստատ կքննարկվի»։



