Հայաստանը կարիք ունի ոչ թե քաղաքական նորանոր դեմքերի, այլ քաղաքական որոշիչ լուծումների, ազգային գործողության մշակված ծրագրի: Դա այն է ,ինչը ունակ չեն անելու ոչ Հայաստանի օրվա իշխանությունը, ոչ ընդդիմությունը: Իրեն արմատական համարող պառլամենտական ընդդիմության պատգամավորներից մեկը, Գյումրիում ՝ հոկտեմբերի 24-ին, համակիրների հետ բաց հանդիպման ժամանակ, հայտարերց, որ իշխանափոխությունը ինքնանպատակ չէ իրենց համար:
Այսպիսով, ինչպես ասվում է, առանց ռետուշի, պարզ է դառնում՝ մեզանում ընդդիմություն և Հայաստան բառերը օքսյումորոն են ` իրար հակադրվող հասկացություններ, աններդաշնակ ներդաշնակություն:
Հարց է առաջանում. եթե ընդդիմության այդ թևի համար իշխանափոխությունը ինքնանպատակ չէ, ապա ինչու՞ է այդ ուժը բջջավորվել, լույս աշխարհ եկել , ինչու՞ է այդ ընդդիմությունը մարդկանց փողոց հանում: Ո՞ր նպատակի համար է այժմ վերակենդացման նշաններ ցույց տալիս:
Ո՞րն է ընդդիմության դերակատարների գաղափարական հենքը
Այն, որ Հայաստանում ընդդիմության մեջ կան գաղափարական բազմաթիվ ներհակ ուժեր, որոնք չեն կարող համախմբվել՝ խորքային հակասությունների պատճառով, տեսանելի և հասկանալի է: Շատերի քաղաքական առանցքը, նախապատվությունները ստույգ ձևակերպված են և դրված նրանց պայքարի կոնցեպտուալ հիմքում: Օրինակ, Ազգային Ժողովրդկան Բևեռի քաղաքական դավանանքը կարող է մերժելի լինել շատերիս կողմից, սակայն, ունի կայուն կողմնորոշիչ ձևակերպում՝ «Հայաստանը պետք է դառնա ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից» (Major non-NATO ally of the United States): Հարկ է նշել, որ այս միավորումը, արդյունավետ քարոզչության տեխնոլոգիաներով, փորձում է այս կոնցեպտը ներարկել ոչ միայն իր՝ կայուն, այլև՝ պոտենցիալ ընտրողներին:
Թերևս, հայ իրականության մեջ երևացող են մի քանի ուժեր, որոնցից մեկից՝ «Հայաստան» դաշինքից, սպասելիքները մեծ են:
Ինչ է առաջարկում է մեզ ՀՀ ԱԺ պառլամենտական երկրորդ ուժը
Մինչ Ազգային ժողով մուտք գործելը դաշինքի մաս կազմող ուժերն իրենց քաղաքական օրակարգը ձևակերպել էին «Առանց Նիկոլ Հայաստան» նշանաբանով: Ուշագրավ է, որ օրենսդիրում դերակատար դառնալուց հետո, այդ նշանաբանը նետվեց քաղաքական աղբաման: Ուժի լոբբինգ-շահը դարձավ ինչ-որ քննիչ հանձնաժողովների ստեղծումը, իր թեկնածուին ինչ-որ հանձնաժողովի նախագահի տեղակալ դարձնելը:Սա այն դեպքում, երբ ամեն օր Հայաստանի սահմանները ենթարկվում են արտաքին ինտերվենցիայի:
Իսկ թշնամու հռետորաբանությանը վախենում է հակադարձել պրոֆեսիոնալ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը:
Անցոնող ամիսների ընթացքում, «Հայաստան» դաշինքը չի փորձել հակադարձել թշնամուն, ստեղծված վիճակում՝ իր կտրուկ դիրքորոշմամբ,ձևակերպված պարտադրանքով քաղաքական անհարմարություն չի ստեղծել երկրի իշխանությունների համար: Այսպիսով՝ պարզ չէ, թե ո՞րն է Ազգային Ժողովի երկրորդ ուժի քաղաքական հռետորաբանությունը, քաղաքական պահանջը, ուլտիմատումը ՀՀ իշխանություններին:
Միտի՞նգն է որ պետք է հակազդի Փաշինյանի նոր դավաճանությանը
Հայաստանը պլանավորված նոր դավաճանության եզրին է, իսկ ընդդիմությունը միայն այժմ է փորձում է քաղաքական կատալիզատորի դեր ստանձնել`հրապարակ է նետելով «Ոչ Հայաստանի թրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» շարադրության վերնագիր հիշեցնող նշանաբանը: Դատելով ԱԺ առաջին ընդդիմադիր դաշինքի քաղաքական վարքագծից , այն չի կարողանա կյանքի կոչել հրապարակած նշանաբանը, քանզի չունի գաղափարական հիմք, չի ներկայացնում այն քայլերը, ուղիները, պայքարի այն միջոցները, որոնք պետք է կանխեն ձևակերպված չարագործության իրագործումը: Սա նշանակում է, որ ինչպես սկզբնավորման, այնպես էլ իր գործունեության այս փուլում, ԱԺ պառլամենտական ընդդիմադիր հռչակված երկրորդ համախումբը, ինչպես ասվում է, փափուկ ընդդիմություն է Հայսատանի օրվա իշխանությունների նկատմամբ: Չի ապստամբում, անզիջում դիմադրությամբ չի ընդվզում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ: Ավելին, իշխանափոխությունը չհամարելով ինքնանպատակ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, թերևս, չի համարում թշնամի, այլ՝ ընդամենը հակառակորդ: Այսպիսով, ընդդիմությունն ինքը հասունացրեց հանրային հիասթափություն,փոշիացրեց իրեն վստահողների պոտենցիալը: Այժմ էլ, չգիտես ինչու, որոշել է կապիտուլյացիայի ստորագրման տարին՝ նոյեմբերի 9-ը, նշել հանրահավաքով։ Ուղղակի անհասկանալի է,թե ի՞նչ քաղաքական լրջագույն խնդիր է լուծում այսպիսով այս դաշինքը, ո՞վ է քաղաքական այդ բեմադրության գաղափարական ճարտարապետը։
Հանրահավանքները վերածվել են քաղաքական սիմպտոմների՞
«Հայաստան» դաշինքն հայտարարեց` սեպտեմբերի 27-ից տրվելու է քաղաքական դիմադրության ակցիաների մեկնարկը: Սակայն միայն հոկտեմբերի 24-ին՝ դաշինքի երկու դաշնակցական պատգամավորներն հայտարարեցին՝ նոյեմբերի 9-ին և 10-ին հանրահավաքներ կազմակերպելու մասին:
Հանրահավաքները վերածվել են քաղաքական ինչ-ինչ սիմպտոմները, հանրային ակտիվությունը ստուգելու, եթե կուզեք՝ հանրությանը ջղայնացնելու գործիքի:Անկհայտ անպատվաբեր է, երբ ընդդիմադիր դարձած նախկին ուսադիրակիրը գրում է.«Առաջիկա հանրահավաքը կբացահայտնի և ճառ ասողների, և զանգ կախողների դեմքը»:Սա նշանակում է, որ հանրահավաքային պաթոսը դիտարկվում է որպես քաղաքական անպատասխնատու խաղ, որին հավաքագրվող մասնակիցները ինչ-որ հավատաքննություն պետք է անցնեն:
Չի ընկալվել,որ հանրահավաքը գործողություն չէ,այլ ընդամենը ֆոն է, «սիլիկոնային» պայքարի դրսևորույթ:
Ինչու է ընդդիմությանը թվում,որ իրավունք ունի չաշխատել իր ընտրախավի հետ, հիշել դրա գոյության մասին, երբ քաղաքական օրակարգ է պետք ձեւավորել, իսկ հետո՝ քննել մարդկանց քաղաքական դավանանքը ։
Ուշագրավ է նաև, որ ընդդիմությունն որևէ կերպ չի հիմնավորում, թե ինչու՞ է հիմա սկսում ինչ-որ անկյունում բջջավորված հակաիշխանական շարժումը: Ու՞ր էր այդ ընդդիմությունը մայիս 12-ին, երբ թշնամին գրավեց Սև լիճը, օկուպացրեց Գորիս-Կապան ճանապարհը, թիզ առ թիզ նվաճեց հայկական որոշ գյուղեր:Ընդդիմությունը քաղաքական իր քնկոտությունը չէր հաղթահարում հենց այդ օրերին: Ինչու՞ որևէ հայտարարություն, դատապարտող կոչ, ուլտիմատիվ տեքստ, էլ չենք ասում՝ Ազգային Ժողովում քաղաքական ռեալ ապստամբություն տեղի չունեցավ: Փոխարենը՝ ընդդիմադիրի «լայթս» կերպարի մեջ հարմարվետ տեղավորված, մեր քաղաքական կանտրէլիտան կառավարության հետ հարցուպատասխանի անբովանդակ ժամերն էր լրացնում:
Ընդդիմությունը լռում է նաև հիմա, երբ այլ երկրի նախագահը «Վալդայ» ակումբում հայտարարում է Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության միջև սահմանազատումը Ռուսաստանի Գլխավոր շտաբի ինչ-որ քարտեզներով գծելու մասին: Ի՞նչ է սա նշանակում, ինչու՞ որևէ մեկնաբանություն չի անում՝ այդ թվում, Հայաստանի քաղաքական դաշտի առաջատար ընդդիմադիր ուժը:Ընդդիմությունը տառապում է լռելու մանկական հիվանդությա՞մբ, թ՞ե ինչ-որ ազդակ է ուղարկում իր համրությամբ: Մինչդեռ պառլամետնական ընդդիմության ավանգարդը պարտավոր է քաղաքական ակտիվություն դրսևորել ներսի և դրսի յուրաքանչյուր հայտարարության վերաբերյալ:
Տպավորություն է, որ ոչ մի խորքային տարաձայնություն գոյություն չունի ընդդիմության և իշխանության միջև:
Ժամանակին՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների մասնակից Վլադիմիր Զելենսկին Պետրո Պորոշենկոյի աչքերի մեջ նայելով՝ ասաց. «Ես ձեր վճիռն եմ» («Я ваш приговор»): Մեզանում նման արտահայտություն ձևակերպող չկա, քանի որ նման ռադիկալ հռետորաբանությունը ենթադրում է քաղաքական պատասխանատվության ստնաձնում:
Ինչ ունենք մենք
Գյումրիում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներից մեկն հայտարարարեց. «50.000 հոգով հլը կանգնեք մեջքերս հետևը, հետո նոր պահանջեք պայքար» (մեջբերումն առավելույնս մոտ է բուն տեքստին): Սա, այսպես ասած, դոզավորված ցինիզմ է. ընդամենը մի քանի ամիս առաջ նույն այդ դաշինքը շուրջ 280.000 ձայն է ստացել մեզանից՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ: Արդյունքում՝ մտել է խորհդարան 29 անդամով: Նշանակում է՝ Հայաստանի էլեկտորալ ակտիվ խավի մի մասը վստահել և հավատացել է հռչակված նախընտրական խոստումներին: Այնպես որ, դաշինքը պետք է իր քաղաքական արատների հետ առերեսվելու կամք ունենա՝ վերլուծելով իր թերությունները և մոլորությունները: Վերոնշյալ արտահայտությունը վկայում է նաև, որ ընդդիմադիր այդ համաձույլը ռեֆլեքսիայի չի ենթարկել իր քաղաքական պահվածքը, չի եզրակացրել, թե ինչու ընտրություններից ընդամենը 4 ամիս անց, համակիրների որոշակի բանակ փողոց դուրս բերելու խնդիր ունի: Ինչու՞ հենց իր ձեռքով փոշիացրեց այն պոտենցիալը , որը կուտակել էր:
Ընդդիմությունը զուրկ է բառային և գործողությունների ռադիկալիզմից: Հանրահավքները նմանվում են դեմագոգիկ պաթոսի՝ զրոյական արդյունքով: Քաղաքական գործունեության միմիկրիան, կամ այն պատերազմի դաշտի հետ համեմատելը, փաստում է՝ քաղաքական տեխնոլոգիաները յուրացված չեն:
Միայն ճանաչելով իշխանությունը և պայքարելով դրա դեմ, այս ընդդիմությունը կարող է պատասխանել գլխավոր հարցի՝ ո՞վ է ինքը:
Ժամանակը գնում է: Այդ ճանաչման և իքնաճանաչման անցումային շրջանում մենք հայրենիք ենք կորցնում: Այնինչ՝ Հայաստանը կարիք ունի Անդրանիկա-Նժդեհյան գործողության:
Լիլիթ Աղեկյան



