
Տարիներ շարունակ Մարտի 1-ի իրադարձությունները շահարկած և զանգվածային անկարգությունների միջոցով իշխանության եկածները խոսում են պետական շենքեր գրավելու անթույլատրելիությունից: Օրերս, ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող «Ազատություն» ռադիոկայանի եթերում, իշխանական պատգամավոր Քոչարյան Անդոն հայտարարել է, որ պետությունը կրակելու մոնոպոլ իրավունք ունի. «Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում, հիմա մեր երկիրն այնպիսի վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետությունը: Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու»:
Մի կողմ թողնենք այն, որ Քոչարյան Անդոնը տարիներ շարունակ շահարկել է Մարտի 1-ի իրադարձությունները և զանգվածային անկարգության կազմակերպիչների դեմ պետության ուժային գործողությունները որակում էր, որպես անօրինկանություն և ուշադրություն հրավիրենք այն հանգամանքի վրա, որ նա մաս է կազմում Նիկոլ Փաշինյանի իշխանության: Հիշեցնենք, որ 2018 թվականին Փաշինյանն ու իր աջակիցները գրավեցին ռադիոտան շենքը, որը պետական պահպանության օբյեկտ էր համարվում:
Ստացվում է այդ դեպքերից գրեթե երեք տարի անց Քոչարյան Անդոն պնդում է, որ պետությունը Փաշինյանի վրա կրակելու լեգիտիմ իրավունք ուներ: Ստացվում է, որ իշխանական պատգամավորը մեղադրում է նախկին իշխանություններին Փաշինյանի վրա չկրակելու և պետական շենքերը չպաշտպանելու մեջ: Ինչ խոսք, իրապես հետաքրքիր օրեր ենք ապրում: