Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հնարավոր է համարում մոտ ապագայում Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման կարծիք է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ է, որ ադրբեջանական ուժերը դուրս կգան ՀՀ տարածքից՝ Քոչարյանը դրական պատասխան է տվել:
«Այո: Նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով»,-հավելել է Քոչարյանը:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչն է ստիպելու Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից՝ Քոչարյանը պատասխանել է.
«Մեր պետության ուժեղացումը, մեր անվտանգային համակարգի ուժեղացումը: Ամեն օր պետք է արթնանալ և կատարել այն խնդիրները, որոնք մեր երկրի անվտանգությունն ուժեղացնում են»:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ամեն ինչ պետք է միտված լինի վաղվան:
«Մենք ունենք կորուստներ, և հիմա ամեն օր մենք մեր անվտանգային միջավայրը պետք է ուժեղացնենք»,-նշել է Քոչարյանը:



