Անչափահասները, հնարավոր է, չլինեն հայտարարագի...

Հայաստանում նախատեսվող համընդհանուր հայտարարագրման համակարգի համատեքստում, գուցե, հայտարարատուների շրջանակում չընդգրկվեն անչափահասները, կառավարությունն այս մասով դեռ վերջնական որոշում կընդունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ քննարկման ընթացքում

«Նախատեսվում է 2023 թվականից սկսած՝ փուլային սցենարով ՀՀ-ում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հայտարարագրերը ներկայացվելու են տարեկան պարբերականությամբ: Նախատեսում ենք, որ հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են ՊԵԿ-ի կողմից՝ վերջինիս տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա, այնուհետև դրանք հայտարարատուի կողմից կարող են խմբագրվել, ճշգրտվել, լրացվել և արդեն ներկայացվել հարկային մարմնին ՝որպես հայտարարատուի կողմից հաստատված տարբերակ»,-մանրամասնեց փոխնախարարը:

Առաջին փուլում հայտարարագիր ներկայացնողներ կլինեն այն անձինք են, որոնք արդեն իսկ Հանրային ծառայության մասին օրենքի տրամաբանությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնում են հայտարարագրեր: Առաջին փուլով հայտարարատու կլինեն նաև ձեռնարկատիրական միավորների հետ որևէ կերպ կապակցված մարդիկ: Խոսքը այն ֆիզիկական անձանց մասին է, որոնք մասնակից կամ բաժնետեր են մի ընկերությունում, որը հայտարարագրման տարվա համար ունեցել է 1 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն, կամ 20 մլն դրամ, կամ ավել ծավալով փոխառություն է ստացել ռեզիդենտ առևտրային կազմակերպությունից, կամ համարվում է իրական շահառու որևէ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունում:

Երկրորդ փուլում հայտարարատու կլինեն նաև այն անձինք, որոնք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ են կատարում կամ ծառայություններ են մատուցում, սակայն ներգրավված չեն առաջին խմբում, և անձինք, որոնք համարվում են վարձու աշխատողներ և ներառված չեն եղել առաջին փուլում: Իսկ երրորդ՝ վերջին տարում արդեն հայտարարատու կդառնան մնացյալ ռեզիդենտ քաղաքացիները: Երրորդ փուլով հայտարարատուների շրջանակը ընդլայնելու այս որոշումը դեռևս կառավարության վերջնական առաջարկը չէ:

«Առնվազն անչափահասների հայտարարատու լինելու նպատակահարմարության հարցի քննարկման հարց կա: Գուցե, որոշում լինի, որ այս 3 տարիների ընթացքում անչափահասները չեն լինելու հայտարարագիր ներկայացնողներ»,-նշեց Պողոսյանը:

Զուգահեռաբար նախատեսվում է նաև ներդնել մոտիվացիոն բաղադրիչը՝ ի դեմս սոցիալական ծախսերի: Կրթության և առողջապահության գծով կատարվող փաստաթղթերով հիմնավորված ծախսերը հնարավոր է լինելու նվազեցնել եկամտային հարկի գումարից:

Անդրադառնալով համակարգի ներդրման նպատակին՝ փոխնախարարը պարզաբանեց, որ երեք հիմնական նպատակներ են արձանագրել: Առաջին նպատակը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համապարփակ տվյալների բազայի  ստեղծումն է: «Երկրորդ խնդիրը սոցիալական բաղադրիչի ամրագրումն է՝ որպես նաև մարդկային կապիտալում կատարվող ներդրումների խրախուսման քաղաքականություն: Երրորդը հարկերի վճարման մշակույթի ներդրումն ու ամրապնդումն է, որի մասին շատ ենք խոսում, կարևորում, հիմա կարծում ենք, որ պետք է արդեն գործնականում մենք մեր քայլերն ուղղորդենք այդ նպատակին հասնելուն»,-նշեց Պողոսյանը:

Հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ լիարժեք ներկայացնելու համար նախատեսված կլինի պատասխանատվություն: