Արարատի մարզում 3 անչափահաս ծեծել են մեկ այլ...

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի հունիսի 13-ին 3 անչափահասներ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, եկեղեցու հարակից տարածքում հանդիպել են անչափահաս տուժողին, որտեղ փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, քաշքշել մազերից, հնչեցրել հայհոյանքներ և այդ ամենը տեսանկարահանել բջջային հեռախոսով և տեղադրել համացանցում:

Նախաքննության ընթացքում 3 անչափահասի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։