Ամուլսարի հարցում վարչապետը ճիշտ կանի՝ գնա քվ...

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Ամուլսարի շահագործման ճիշտ կամ սխալ լինելու մասին մեկնաբանություն չի ցանկանում տալ.«Ոլորտի մասնագետ չեմ, և ճիշտ չէ, որ ես մասնագիտական դատողություններ անեմ»:

Փոխարենը՝ քաղաքական մեկնաբանություն ունի.

«Կոնրետ իմ անձնական քաղաքական գնահատականը հանգում է հետևյալին. բազմաթիվ առիթներով մեր երկրի վարչապետն ասել է, որ ժողովուրդն է որոշում ամեն ինչ, ժողովուրդը հրապարակից պետք է կառավարի երկիրը, ժողովրդի դռներն են կառավարության դռները, Ազգային Ժողովի դարպասները բաց են ժողովրդի առաջ, կարող են բացել, ներս մտնել: Հիմա, Ամուլսարն էլ  է ժողովրդինը: Իսկ այն, որ ժողովրդի մի ստվար հատված իսկապես դեմ է, և դա  հիմնավոր է, կարծում եմ՝ այստեղ երկրորդ կարծիքը չի դիմանա քննությանը: Եթե իսկապես խոսում ենք ժողովրդավարության մասին՝ հարգելով վարչապետի այդ սկզբունքը, որ իսկապես ժողովուրդը պետք է որոշի, (իսկ ժողովուրդի որոշելն այն չէ, որ, ասենք, 200 հոգի դուրս գան փողոց, երթ անեն, ցույց անեն, գոռան, կարծիք հայտնեն), իսկական, ամենադասական եղանակը ժողովրդական հանրաքվե անցկացնելն է»:

Ըստ պատգամավորի՝ այստեղ երկու խնդիր կա՝ ինչպիսի՞ հանրաքվե անցկացնել, այսինքն՝ տեղակա՞ն, թե՞ ընդհանուր:

«Ըստ էության, կարելի է անցկացնել համաժողովրդական հանրաքվե, որովհետև միայն առաջին հայացքից է, որ խնդիրը վերաբերում է միայն տվյալ տարածաշրջանում բնակվողների կյանքին և առողջությանը: Իրականում՝ սա մեր ամբողջ հայաստանաբնակ ժողովրդին է սպառնում, և ես անձամբ հակված եմ ընտրել, հուշել համաժողովրդական քվեարկության տարբերակը: Երկրորդ կողմը՝ ինչու ոչ տեղական հանրաքվե, քանի որ տեղական հանրաքվեի մասին Հայաստանի Հանրապետության 2018 թվականի օրենքի համաձայն՝ այնտեղ այնպիսի պայմաններ են դրված այն հարցերի շրջանակի վերաբերյալ, որոնք ենթակա չեն հանրաքվեով լուծման, որ շատ ընդարձակ են և ընդգրկում են նաև բնակչության առողջության հետ կապվածհարցեր: Այսինքն՝ եթե մենք հիմա փորձենք տեղական հանրաքվեի ճանապարհով հարցին լուծում տալ, օրենքը արգելում է: Մասնավորապես, հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին 6-րդ կետը արգելում է առողջության պահպանման եհտ կապված հարցերով հանրաքվե անցկացնել, որը, իհարկե, ինձ համար անընդունելի է, բայց կարծում եմ, որ խնդիրը զուտ տեղական մակարդակ չունի, զուտ տեղական նշանակություն չունի, և ճիշտ կլինի, որպեսզի վարչապետն էլ հանրությանը համոզի, որ իսկապես այս դեպքում նույնպես  ինքը փորձեց և ղեկավարվեց իսկապես ժողովրդի կարծիքով, և անպայման պետք է համաժողովրդական  քվեարկություն անցկացվի»,-ասաց Գևորգ Պետրոսյանը: