
ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների դադարեցումը եւ երկու կողմերին կոչ է անում այսուհետ եւս զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Միլզը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռազմական բախումներով, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծման մասին հաղորդագրություններով։ «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին եւ մտերիմներին»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն աշխատում է եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ։ «Մենք հատկապես անհանգստացած ենք այն տեղեկատվությամբ, որ Հայաստանի տարածքում քաղաքացիական անձինք են վիրավորվել։ Բոլոր կողմերը պետք է կատարեն միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Անհրաժեշտ է ապահովել ուժերի դուրսբերումը երկու կողմերից եւ բանակցությունների միջոցով լուծել բոլոր հարցերը, որոնք կհանգեցնեն այս հակամարտության լուծմանը»,- ասել է նա։
Իր հերթին Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։
«Մենք կոչ ենք անում զինված ուժերին վերադառնալ իրենց սկզբնական դիրքերին։ Մենք կոչ ենք անում առաջնորդներին վերադառնալ երկխոսության ուղի՝ միջազգային հանրության աջակցությամբ, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն։ Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունն ապահովելու ջանքերին»: