ԱՄՆ-ը Ուկրաինային կհանձնի մեծ հեռահարության թ...

Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Քավոլին Կոնգրեսին է ներկայացրել սպառազինությունների ցուցակ, որոնք կարող են օգնել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում, ներառյալ մինչ այժմ չմատակարարված հրթիռներ եւ կապի պաշտպանված ցանց, որն օգտագործում է ՆԱՏՕ-ն։

Ինչպես գրել է CNN-ը՝ հղում կատարելով գեներալի զեկույցին ծանոթ մարդկանց, Քավոլիի ցուցակում տեղ են գտել մեծ հեռահարության Joint Air-to-Surface Standoff Missiles (JASSM) թեւավոր հրթիռներ եւ Link 16 համակարգ, որը Վաշինգտոնը եւ Հյուսիսատլանտյան դաշինքն օգտագործում են անխափան կապի ապահովման համար մարտական համակարգերի միջեւ, դրանց մեջ է հակաօդային պաշտպանության կառավարումը։

Սպառազինության այս տեսակները Վաշինգտոնը մինչ այժմ Կիեւ չի մատակարարել։ Ուկրաինան քանիցս խնդրել է երկու համակարգերը, ասել է  նրանց խնդրանքին ծանոթ մեկ այլ աղբյուր։

Հեռուստաալիքի աղբյուրները պարզաբանում են, որ ԱՄՆ իշխանությունները մինչ այժմ մտահոգություն են հայտնել այն առիթով, որ իրենց գաղտնի տեխնոլոգիաները կարող են հայտնվել ռուսական բանակի տրամադրության տակ։ Հենց այդ պատճառով Վաշինգտոնը մինչ այժմ Կիեւ չի մատակարարել Link 16 կապի համակարգը։ JASSM հրթիռները, որոնք արձակվում են կործանիչներից, կարող են անօգտակար լինել ուկրաինացիների համար, եթե նրանք չհասնեն օդում որոշակի գերազանցության մակարդակի, ավելացրել է պաշտոնյան։ Ամերիկացի պաշտոնյաները անանության պայմանով տեղեկացրել են, որ ԱՄՆ-ը Ուկրաինային կտա անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի Կիեւը շարունակի դիմադրել ռուսական ներխուժմանը։

Սեպտեմբերի վերջին The Washington Post-ը գրել էր, որ Ուկրաինային չի հաջողվել համոզել ԱՄՆ-ին հանել ՌԴ տարածքի խորքին խփող զենքերի օգտագործման սահմանափակումը։  Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Սպիտակ տանը եւ Պենտագոնում առայժմ չեն լսել ծանրակշիռ փաստարկներ Կիեւից, որոնք կհաստատեին այդ հարվածների զգալի ազդեցությունը պատերազմի ելքի վրա։ ԱՄՆ իշխանությունները շարունակում են պնդել, որ ավելի լավ եւ արդյունավետ է օգտագործել արեւմտյան զենքն օկուպացված Ղրմում թիրախներին խփելու համար։

Բացի այդ, աղբյուրները նշում են, որ ATACMS հրթիռների եւ համանման զինամթերքների պաշարները Ուկրաինայում խիստ սահմանափակ են։ Անգամ եթե հարվածները Ռուսաստանի ողջ տարածքին թույլատրվեին, դա չէր հանգեցնի ճակատում էական փոփոխությունների, այլ միայն կհյուծեր Ուկրաինայի ԶՈւ պաշարները հաշված շաբաթներում կամ անգամ օրերում, նշել են պարբերականի զրուցակիցները։ Պաշտոնյաներից մեկն ընդգծել է, որ Կիեւի՝ ՌԴ խորքին հարվածելու խնդրանքը տարբերվում է նախորդներից, քանի որ բարձրացնում է էսկալացիայի վտանգը Մոսկվայի կողմից։

Եվրոպական որոշ երկրներ, սակայն, համաձայն չեն ԱՄՆ դիրքորոշմանը։ WP-ի տվյալներով՝ Եվրոպայում Վաշինգտոնի փաստարկները համարում են չկայացած ինչպես տեխնիկական, այնպես էլ տակտիկական տեսակետից։ Եվրոպացի պաշտոնյաներից մեկը պարբերականի հետ զրույցում նշել է, որ ՆԱՏՕ ռազմական դոկտրինը նախատեսում է հեռահար հարվածներ հակառակորդի թիկունքում։ Եվ թեեւ սահմանափակումների հանումը չի դառնա վճռական Ուկրաինայի հաղթանակի համար, դա կարող էր խախտել ռուսական լոգիստիկան եւ հարվածներ հասցնել հրամանատարական կենտրոններին եւ սպառազինությունների պահեստներին, համոզված է նա։