ԱՄՆ-ը Թայվան է մատակարարել 38 Abrams տանկ

ԱՄՆ-ը Թայվան է մատակարարել M1A2T մոդիֆիկացիայի 38 Abrams տանկ։ Այս մասին տեղեկացրել է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով Թայվանի պաշտպանական գերատեսչությանը։

Սկզբում մարտական մեքենաների մատակարարումը նախատեսված էր 2024թ. կեսին, բայց այն հետաձգվել է։ Թայբեյը կստանա եւս 42 ամերիկյան տանկ 2025թ., իսկ վերջին խմբաքանակը՝ բաղկացած 28 մեքենաներից, 2026թ.։

M1A2T մոդիֆիկացիայի 108 Abrams տանկերի վաճառքը Թայվանին 2,2 մլրդ դոլարով արժանացել է ԱՄՆ պետդեպարտամենտի հավանությանը 2019թ.։ M1A2T-ը SEPv2-ի (System Enhancement Package version 2)M1A2-ի արդիականացված տարբերակն է։ Ներկայում Թայվանն ունի հազար մարտական մեքենա, հիմնականում հնացած տեսակների։

Թայվանը սեփական կառավարում ունի 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ՝ պարտություն կրելով Չինաստանի քաղաքացիական պատերազմում։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի նահանգներից մեկը։