Սպիտակ տունը բանակցություններ է վարում Իսրայելի հետ՝ Իսրայելի տարածքում ավելի վաղ Իրանի կողմից իրականացված զանգվածային հրթիռային հարվածին հնարավոր պատասխանի շուրջ:
Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նա նշել է, որ իր թիմը կապի մեջ է իսրայելցի գործընկերների հետ Իրանի հարձակման ժամանակ, ինչպես նաև ասել է, որ շուտով վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կքննարկի Իսրայելի անհրաժեշտ պատասխանը։
Բայդենն ընդգծել է, որ Իրանի հարձակումը «խափանվել է» ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հնարավորությունների շնորհիվ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել էր, որ Իրանի կողմից արձակված հրթիռների մեծ մասը խոցել են Իսրայելը, ԱՄՆ-ը և այլ դաշնակիցներ, որոնց անունը չի նշվում:
Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ հարվածներ են հասցնում Լիբանանի տարբեր շրջաններում գտնվող «Հըզբոլլահի» թիրախներին։ Մի քանի թիրախային ավիահարվածներ են գրանցվել նաև Բեյրութի ուղղությամբ, որոնց արդյունքում վերացվել են «Հըզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարները, ինչպես նաև շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան։
Մինչ օրս իսրայելական բանակը հաղորդում է «Հըզբոլլահի» մի քանի հազար թիրախների վրա հարվածներ հասցնելու մասին: Դիտորդները նշում են, որ Իսրայելը նման ինտենսիվությամբ չի հարձակվել «Հըզբոլլահի» վրա 2006 թվականի երկրորդ լիբանանյան պատերազմից հետո։
Կոնֆլիկտին միջամտել է Իրանը: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել Էր Իրանի կողմից հրթիռային հարձակման մասին, արձակվել են հարյուրավոր բալիստիկ հրթիռներ: Իսրայելի ողջ տարածքում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել։