ԱՄՆ նախագահի էներգետիկայի և ներդրումների հարցերով տեղակալ և ավագ խորհրդական Ամոս Հոքսթինը Բեյրութում բանակցություններում նշել է, որ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում հրադադարի հասնելու համար։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
«Հոքսթինը հաստատել է, որ ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերվում Գազայի հատվածում հրադադարի խնդրին և ճնշում է գործադրում Իսրայելի վրա, մինչդեռ Եգիպտոսն ու Կատարը ճնշում են գործադրում ՀԱՄԱՍ-ի վրա», – պնդում է հեռուստաալիքի զրուցակիցը։
Նա վստահություն է հայտնել, որ Գազայի հատվածում հակամարտության լուծումը կնվազեցնի լարվածությունը Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև, գրում է Sky News Arabia-ն։
Օգոստոսի 14-ին Հոքսթինը Բեյրութում հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ։ Բանակցություններից հետո նա կոչ է արել հրատապ դիվանագիտական լուծում գտնել Լիբանանի և Իսրայելի սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման համար՝ նշելով, որ կողմերի միջև ուղիղ բախումից դեռ կարելի է խուսափել։



