ԱՄՆ-ում ուկրաինական ճգնաժամը հանգեցրել է սննդ...

ԱՄՆ-ում ուկրաինական ճգնաժամը հանգեցրել է սննդամթերքի գների ամենաբարձր աճի 1980-ականների սկզբից ի վեր, գրել է The Washington Post-ը։

«Շաբաթվա սկզբին եգիպտացորենի ֆյուչերսները Չիկագոյի ապրանքային բորսայում գերազանցել են մեկ բուշելը ութ դոլարը, ինչը ռեկորդային է տասնամյակների կտրվածքով»,- տեղեկացրել է պարբերականը։

Ինչպես նշել է հոդվածի հեղինակը, այս իրավիճակը  ստեղծվել է մի քանի պատճառներով։

Այսպես, ապրիլի կեսին Ջո Բայդենը խոստացել էր ամռանը թույլատրել էթանոլի բարձր պարունակությամբ բենզինի վաճառքի հարցը, ինչն, իբր, պետք է նվազեցներ գները ավտոլցակայաններում։ Բայց դա, միեւնույն ժամանակ, բացասական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա եւ կհանգեցնի մթերքների թանկացման, գրել է պարբերականը։

Բանն այն է, որ էթանոլ ստանալու համար եգիպտացորեն է պետք, որը սովորաբար օգտագործում են սպառողական ապրանքներ արտադրելու եւ կենդանիներին կերակրելու համար։

«Հաշվի առնելով, որ անասնապահության հետ կապված ծախսերի 60 տոկոսը բաժին է ընկնում կերերին, մասնագետներն սպասում են, որ կթանկանան տավարի, խոզի, թռչնի միսը եւ որոշ տեսակի ձկներ»,- նշել է լրատվամիջոցը։

Մսի արժեքի վրա ազդեցություն կունենա նաեւ պարարտանյութերի գնի աճը՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։

Պարբերականը ազդեցության այլ գործոնների թվին է դասել թռչնի գրիպը, երաշտը Կալիֆոռնիայում եւ խցանումները Մեքսիկայի սահմանին։

Բացի այդ, Միացյալ Նահանգները գրանցել է սննդամթերքների արժեքի աճ։ Աշխատանքի նախարարության տվյալներով՝ մարտի վերջին սպառողական ապրանքների գները տարեկան կտրվածքով ավելացել են 8,5 տոկոսով։ Աճը ռեկորդային է 1981թ. դեկտեմբերից ի վեր։