
Սպիտակ տունը մտադիր է իր աշխատակիցների մոտ մեկ երրորդին չվճարվող արձակուրդի ուղարկել ԱՄՆ դաշնային կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցման (շաթդաունի) պատճառով։
Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ժամանակավորապես աշխատանքի չի ներկայանա Սպիտակ տան 1733 աշխատակիցներից 554-ը։
ԱՄՆ դաշնային կառավարությունն աշխատանքը մասնակիորեն դադարեցրել է հոկտեմբերի 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում կառավարող Հանրապետական և ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողանում համաձայնության գալ բյուջեի ծախսային մի շարք հոդվածների, այդ թվում՝ առողջապահության ոլորտում ծախսերի շուրջ: Նրանք միմյանց մեղադրում են շաթդաունի առաջացման և քաղաքական նպատակներով դրա ձգձգման մեջ։
ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության գործունեության համար պատասխանատու նախարարություններն ու գերատեսչությունները շարունակում են աշխատանքը դաշնային կառավարության ֆինանսավորման դադարեցման դեպքում:
Համանման պահանջներ են կիրառվում նաև այն պետական ծառայողների նկատմամբ, որոնց գործունեությունն ուղղված է «կյանքի և սեփականության պաշտպանությանը»: Պետական հիմնարկությունների այն աշխատակիցները, որոնք հարկադրված են աշխատանքի դուրս գալ նման պայմաններում, աշխատավարձ չեն ստանում, սակայն դա սովորաբար նրանց վճարվում է այն բանից հետո, երբ միջոցների ստացման հարցը կարգավորվում է։
1977 թվականից ի վեր ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումը դադարել է ավելի քան 20 անգամ՝ վարչակազմի և Կոնգրեսի միջև տարաձայնությունների պատճառով:
Ամենաերկարատև շրջանը կազմել է 35 օր՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2019 թվականի հունվարի 25-ը (ԱՄՆ-ի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում):