Ամերիկյան Ալաբամա նահանգի իշխանությունները նախատեսում են հունվարի 25-ին առաջին անգամ իրականացնել մահապատիժ մաքուր ազոտի օգնությամբ, տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով դատական փաստաթղթերին։
Ինչպես նշել են բանտարկյալի փաստաբանները, այս մեթոդն աչքի է ընկնում դաժանությամբ։ Նրանց խոսքով՝ նահանգի իշխանություններն իրենց պաշտպանյալին օգտագործում են որպես մահապատժի նոր մեթոդի «փորձարկվող»։
Բանտարկյալ Քենեթ Սմիթը դատապարտվել է 1988թ. մի կնոջ պատվիրված սպանության համար։ Նա հանցակցի հետ միասին սպանության համար ստացել է 1 000 դոլար։ Հանցակիցը մահապատժի է ենթարկվել 2010թ.։ Սմիթին նույնպես փորձել են մահապատժի ենթարկել մահացու ներարկման օգնությամբ, բայց նա ողջ է մնացել մահապատժի իրականացման փորձից հետո։
Նահանգի գլխավոր դատախազի խոսքով՝ սպանված կնոջ ընտանիքը «սպասել է 35 տարի, որպեսզի տեսնի արդարադատության իրականացումը»։
Մաքուր ազոտի օգնությամբ մահապատժի իրականացումը թույլատրված է ամերիկյան երեք նահանգներում, բայց մինչ այժմ երբեք չի կիրառվել։