
ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական կազմակերպված հանցավոր խմբին անդամակցելու համար կասկածվող 13 մարդ։ Նրանց սպառնում են լուրջ մեղադրանքներ, այդ թվում՝ սպանության փորձ, առևանգում, զենքի ապօրինի պահում, բանկային և էլեկտրոնային խարդախություն և ավելի քան 80 միլիոն դոլար արժողությամբ ապրանքների գողություն, հայտնում է ABC News-ը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկել են Լոս Անջելեսի Սան Վելլի շրջանում գտնվող առանձնատունը, ինչպես նաև Հարավային Կալիֆոռնիայում և Ֆլորիդայում գտնվող այլ սեփականություններ:
Լոս Անջելեսի դատախազ Բիլալ Էսսայլիի գրասենյակի համաձայն՝ գործողության ընթացքում ձերբակալվել են հայկական կազմակերպված հանցավորության սինդիկատի 13 անդամ, այդ թվում՝ 41-ամյա Արա Արթունին (մեղադրվում է մահափորձի համար՝ ռեկետ իրականացնելու նպատակով), 46-ամյա Ռոբերտ Ամիրյանը (մեղադրվում է առևանգման համար), 50-ամյա Վահան Հարությունյանը, 45-ամյա Լևոն Առաքելյանը:
ԱՄՆ դատախազները նաև հայտնել են, որ 83 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ են գողացվել Amazon-ից՝ սինդիկատի անդամների կողմից կազմակերպված բեռների գողության սխեմայի շրջանակում։
«Այս անդրազգային հանցավոր կազմակերպությունը գործում էր միջազգային կարտելի կառուցվածքով և դաժանությամբ՝ զգալի վնաս հասցնելով հասարակական անվտանգությանը և խաթարելով օրինական առևտրի և մատակարարման շղթաները»:
Հաղորդվում է, որ երեքշաբթի տեղի ունեցած գործողության ընթացքում իրավապահները առգրավել են մոտ 100,000 դոլար կանխիկ գումար, երեք զրահամեքենա և 14 հրազեն: