ԱՄՆ սահմանի անօրինական հատումների թիվը մարտին...

ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև սահմանի անօրինական հատումները մարտին հասել են ռեկորդային ցածր մակարդակի։ Այդ  մասին հաղորդել է The New York Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության աղբյուրների։

Մարտ ամսին սահմանապահներն արձանագրել են ապօրինի մուտքի մոտ 7000 փորձ, մինչդեռ 2024 թ. մարտին՝ 137 000: Նշվում է, որ կտրուկ անկումը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությամբ, որը հունվարի վերջից ուժեղացրել է անօրինական ներգաղթյալների կողմից սահմանի հատման վերահսկողությունը։

Միևնույն ժամանակ, Ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության համար խնդիր է առաջացել կալանքի տակ պահման կենտրոնների գերբեռնվածության առումով։ Ծառայությունը խնդրանքով դիմել է Կոնգրեսին՝ միջոցներ տրամադրել լրացուցիչ տեղերի համար՝ օժանդակելու զանգվածային արտաքսման արշավը: Նոր քաղաքականության իրագործման առաջին 50 օրվա ընթացքում կատարվել է 32 000 ձերբակալություն։

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեքսիկայի ԱԳ նախարար Խուան Ռամոն դե լա Ֆուենտեի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել մեքսիկացիներին համատեղ աշխատանքի համար, որը թույլ է տվել նվազեցնել մեքսիկա-ամերիկյան սահմանը հատող անօրինական միգրանտների հոսքը: