Ամերիկյան ռազմածովային ուժերն ականորս նավերի խումբ են ուղարկում Հորմուզի նեղուցի շրջան: Այս մասին հաղորդում է The War Zone հրատարակությունը։
Ճապոնիայի Սասեբո քաղաքի ռազմակայանին պատկանող ԱՄՆ ռազմածովային ուժերի Chief և Pioneer ականորս նավերն արդեն մտել են Հնդկական օվկիանոս՝ ուղևորվելով Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի։ Եվս մեկ ականորս նավ՝ Tulsa-ն, Սինգապուրից անցել է Մալակկայի նեղուցը։
Բացի այդ, վերջերս Արաբական ծով է ժամանել առափնյա գոտու Canberra մարտանավը, որը կարող է ծովային շրջանների ականազերծման գործողություններ իրականացնել։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաղորդել էր, որ առաջիկա օրերին Հորմուզի նեղուցում ականազերծմանը կմիանան ԱՄՆ լրացուցիչ ռազմածովային ուժեր, այդ թվում՝ ստորջրյա անօդաչուներ։



