Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են Իսրայելի «Մոսադ» լրտեսական գործակալության ղեկավարի հետ: Հանդիպման բանակցությունները հիմնականում կենտրոնացած էին Իրանի վրա, հաղորդում է AP-ն` վկայակոչելով հանդիպմանը ծանոթ պաշտոնյաներին:
Երկու ժամ տեւած հանդիպումը երկրորդն էր այս շաբաթ Վաշինգտոնում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ եւ ընդգծել է Իսրայելի մտահոգությունները Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ Վիեննայում ընթացող անուղղակի միջուկային բանակցությունների կապակցությամբ: Թեեւ քննարկվել են նաեւ այլ հարցրե, սակայն Իսրայելն այս հանդիպումն օգտագործել է Իրանի հետ կապված «լուրջ մտահոգություն հայտնելու» համար, ասել է պաշտոնյաներից մեկը:
Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել հանդիպումը կամ նույնիսկ հաստատել, որ այն տեղի է ունեցել, սակայն ասել է, որ Բայդենի վարչակազմը հավատարիմ է Իսրայելի` Իրանի հետ միջուկային դիվանագիտության համակարգմանը եւ թափանցիկությանը:
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վիեննայի խորհրդակցությունները որոշակի առաջընթաց են գրանցել, բայց կողմերը «որեւէ բեկման շեմին չեն հասել»:
Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է չեղյալ հայտարարել Իրանի դեմ որոշակի պատժամիջոցներ, եթե Թեհրանը վերադառնա 2015-ի միջուկային գործարքի պայմաններին, որից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր 2018-ին:
Միացյալ Նահանգների կողմից համաձայնության հնարավոր վերադարձը, ինչպես նաեւ պատժամիջոցների մեղմացումը մտահոգություն են առաջացրել Իսրայելի, ինչպես նաեւ նրա արաբ հարեւանների մոտ:



