ԱՄՆ պետդեպարտամանետն անդրադարձել է Փաշինյան-Բ...

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում կրկին անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը՝ այս անգամ անդրադառանալով դրա վերաբերյալ Ռուսաստանի արձագանքին: Նա հայտարարել է, որ տարածաշրջանում խառնաշփոթի մի մասը սնուցվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով:

«Ինչ վերաբերում է Բրյուսելում այս հանդիպմանը, ինչպես ես երեկ ասացի, այն պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ այն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, և ուրիշ ոչինչ»,-վերահաստատել է Մեթյու Միլլերը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում ասել էր, որ Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին։