Սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի՝ ոլորտի իրավասու մարմինների մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է դաշտային վարժանք: Վարժանքն իրականացվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հետ համատեղ և Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ:
Վարժանքը միտված էր դիտարկելու քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) վտանգների տարածման դեմ ՀՀ կարողությունները և արձագանքման մեխանիզմները: Այն աննախադեպ էր ՀՀ համար ինչպես ընդգրկված կառույցների քանակով, այնպես էլ ընդգրկման աշխարհագրությամբ:
Վարժանքին ներգրավվել է ՔԿՃՄ ուղղություններով արձագանքման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի` թվով 10 մարմին: Խաղարկվել են ՔԿՃՄ գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև այդ իրավիճակներին արձագանքելու կարողությունների գնահատմանն ուղղված 6 տարբեր սցենարներ: Ընդ որում՝ որոշ սցենարներ անցկացվել են իրական պայմաններում, իսկ մյուսները կրել են նմանակող (սիմուլյացիոն) բնույթ։
Վարժանքի հիման վրա կատարված վերլուծությունը հնարավորություն կտա համակողմանի գնահատել ՔԿՃՄ միջադեպերին արձագանքման հետ կապված առկա իրավիճակը, բացահայտել ուժեղ և թույլ կողմերը, և որպես վերջնանպատակ՝ իրականացնել ՔԿՃՄ միջադեպերին ՀՀ արձագանքման կարողությունների հզորացում:



