ԱՄՆ նախագահը ստորագրել է նախագահական հուշագիր...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նախագահական հուշագիր, որով գլխավոր դատախազին և Կոլումբիայի շրջանի ԱՄՆ դատախազին հանձնարարվում է լիարժեք կիրառել դաշնային մահապատժի մասին օրենքները՝ Վաշինգտոնում հանցագործությունները կանխելու և պատժելու համար։

Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ 

Հրամանը հանձնարարում է գլխավոր դատախազին և Կոլումբիայի շրջանի ԱՄՆ դատախազին Վաշինգտոնում մահապատժի ենթակա հանցագործությունների համար դաշնային իրավասությունը կիրառել առավելագույն չափով։

Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը ստորագրել է դաշնային մակարդակով մահապատիժը վերականգնելու գործադիր հրամանագիր։ Նոր հուշագիրը դիտվում է որպես այս քաղաքականության հետագա զարգացում։

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը կձգտի թույլատրել մահապատիժն ամբողջ երկրում։