Վաշինգտոնը մտադիր է թույլ տալ Կիևին օգտագործել բրիտանական և ֆրանսիական հեռահար հրթիռներ Ռուսաստանին հարվածելու համար, սակայն կհրաժարվի օգտագործել իր նմանատիպ զենքերը՝ ATACMS հրթիռները, The Times-ին հայտնել են քննարկումներին ծանոթ երկու աղբյուրներ:
Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է թույլ տալ Ուկրաինային օգտագործել Storm Shadow հրթիռները և դրանց համարժեք Scalp-ը՝ Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար, եթե Բրիտանիան և Ֆրանսիան աջակցեն նման քայլին։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը չի նախատեսում Կիևին թույլ տալ օգտագործել ATACMS հրթիռները՝ այդպիսով հուսալով կանխել հակամարտության հետագա սրումը, պարզաբանել են հրատարակության զրուցակիցները։
Ակնկալվում է, որ Բայդենը կքննարկի այդ հարցը եվրոպական այլ առաջնորդների հետ՝ գնահատելու նրանց տեսակետները քաղաքականության հնարավոր փոփոխությունների վերաբերյալ: Բրիտանական պաշտպանական աղբյուրը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան հետագա քայլեր ձեռնարկելու համար ՆԱՏՕ-ի այլ երկրների աջակցության կարիքը չունի:
Ցամաքային պատերազմի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող Բեն Բարրին հրապարակմանը ասել է, որ ինքը չի զարմանա, եթե Բայդենը «միջին դիրքի» զբաղեցնի, քանի որ «Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ռիսկի կդիմեն Ուկրաինայի և նրա դաշնակիցների անունից»։
«Սա կիսատ դիրք է, ավելի քիչ, քան Ուկրաինան էր պահանջում, բայց Կիևի տեսանկյունից ավելի լավ է, քան ոչինչ։ Սա մեծացնում է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեմ հակամարտության սրման ռիսկը, բայց ոչ ԱՄՆ-ի դեմ»,- նշել է փորձագետը։
Նա հավելել է, որ Storm Shadow հրթիռներն ամենաարդյունավետն են բարդ թիրախների դեմ, ինչպես բունկերները և ինքնաթիռների ապաստարանները, բայց այնքան էլ օգտակար չեն բաց տարածության թիրախների դեմ: Ամերիկյան հրթիռներն այս առումով ավելի բազմակողմանի են։
«Նրանք ունեն մարտագլխիկ, որը նախատեսված է մակերեսի վրա պայթելու համար, ուստի դրանք շատ հարմար են այնպիսի կիրառությունների համար, ինչպիսիք են հրետանային մարտկոցները, դիվիզիոնների հրամանատարական կետերը, զինամթերքի պահեստները և հակաօդային պաշտպանության կայանքները: Դրանք այնքան էլ արդյունավետ չեն այն թիրախների դեմ, որոնց համար օգտակար են Storm Shadow հրթիռները»,- եզրափակեց նա։