ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են ժամանակավոր համաձայնութ...

Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են ժամանակավոր համաձայնության։ Երկու ամերիկացի պաշտոնյաների և բանակցություններին ծանոթ ևս երկու աղբյուրների խոսքով՝ Սպիտակ տունը կարծում է, որ գրեթե հասել է Իրանի հետ մեկ էջանոց հուշագրի (մեմորանդումի) համաձայնության, որի նպատակը կլինի պատերազմի դադարեցումը և ավելի մանրամասն միջուկային բանակցությունների համար շրջանակի սահմանումը։

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանը մոտակա 48 ժամվա ընթացքում պատասխան կտա մի քանի կարևոր կետերի վերաբերյալ։ Առայժմ վերջնական համաձայնություն չկա, սակայն աղբյուրների խոսքով՝ սա կողմերի միջև ամենամոտ առաջընթացն է պատերազմի սկսվելուց ի վեր։

Հուշագրում, ըստ տեղեկությունների, ներառված են հետևյալ հիմնական դրույթները․

  • Իրանի պարտավորություն՝ դադարեցնել ուրանի հարստացումը,
  • ԱՄՆ-ի համաձայնություն՝ հանել պատժամիջոցները և ապասառեցնել Իրանի միլիարդավոր դոլարների ակտիվները,
  • Երկու կողմերի կողմից Օրմուզի նեղուցով անցման սահմանափակումների վերացում։

Միևնույն ժամանակ նշվում է, որ այս պայմանների մեծ մասը կախված է վերջնական համաձայնագրի ձեռքբերումից, ինչը նշանակում է, որ հնարավոր է կամ պատերազմի վերսկսում, կամ երկարատև անցումային փուլ, որտեղ ռազմական գործողությունները դադարեցված են, բայց հիմնարար խնդիրները դեռ չեն լուծվել։