ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն կարող որոշել, թե որ երկրի հ...

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն կարող որոշել, թե որ երկրի հետ պետք է առևտուր անի Հնդկաստանը և չեն կարող որոշել նրա արտաքին քաղաքական որոշումները, որքան էլ որ նրանց կապերը Նյու Դելիի հետ կարևոր լինեն։ Այս մասին գրում է Hindu թերթը իր խմբագրական հոդվածում։

«Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ ԵՄ-ն չեն կարող որոշել, թե որ երկրի հետ Հնդկաստանը համագործակցի կամ առևտուր անի»,- նշել է պարբերականը։ «Հնդկաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ և այլ երկրներ չեն կարող շահարկել նրա արտաքին քաղաքականության որոշումները, որքան էլ որ իրենց սեփական կապերը Հնդկաստանի հետ նշանակալից լինեն»։ Այս դիրքորոշումն ընդգծվելու է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալի և արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի Մոսկվա կատարած այցերի ընթացքում, ընդգծել է թերթը։

Hindu հիշեցրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության վերջերս արված հայտարարությունը, որում Նյու Դելին անհիմն է անվանել Վաշինգտոնի և Բրյուսելի հարձակումները Հնդկաստանից ռուսական նավթի ներմուծման վրա: «Արտգործնախարարության հայտարարությունը ցույց է տալիս Նյու Դելիի աճող դժգոհությունը Հնդկաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ավելի ու ավելի ագրեսիվ դիրքորոշման վերաբերյալ, այդ թվում՝ ներգաղթի, առևտրային բանակցությունների, «Սինդուր» գործողության և Պակիստանի, ինչպես նաև Հնդկաստանի BRICS-ին անդամակցության հարցերում», - ասել է HIndu-ն:

Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես և ինչ աստիճանով է Հնդկաստանի կառավարությունը պատրաստ դիմակայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող «ահաբեկման մարտավարությանը»։

Օգոստոսի 4-ին Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի դեմ մաքսատուրքերը՝ ռուսական նավթի ներմուծման և վերավաճառքի համար։