Իրանին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները ուժգնացնում են Մերձավոր Արևելքում տիրող անկայունությունը և սկիզբ դնում նոր՝ ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական դարաշրջանի համար, որը ձեռնտու է միայն Եվրամիության հակառակորդներին: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
«Միջազգային համակարգը հիմնովին փոխվում է: Մի աշխարհ, որտեղ կրկին դերակատարում ունի ուժի քաղաքականությունը», — ասել է Կոշտան Բրյուսելում ԵՄ դիվանագիտական կորպուսի հանդիպման ժամանակ: «Մենք գիտակցում ենք նոր իրականությունը. մի իրականություն, որտեղ Ռուսաստանը խախտում է խաղաղությունը, Չինաստանը խախտում է առևտուրը, իսկ Միացյալ Նահանգները մարտահրավեր են նետում կանոնների վրա հիմնված միջազգային կարգին»:
Ըստ Պորտուգալիայի նախկին վարչապետ Կոշտայի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները, որոնց հետևանքով զոհվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, «լուրջ տնտեսական հետևանքներ» են առաջացրել միջազգային առևտրի առանցքային ուղի հանդիսացող Հորմուզի նեղուցի փակումից հետո:
Նա նշել է, որ արշավը օգուտ է բերել միայն Ուկրաինայի հետ պատերազմող Ռուսաստանին՝ «խախտելով միջազգային իրավունքը», բարձրացնելով էներգակիրների գները և շեղելով ռազմական ռեսուրսները, որոնք կարող էին օգտագործվել Կիևին աջակցելու համար»։
Կոշտան ընդգծել է, որ ԵՄ-ն ձգտում է, որ իրանցիները ստանան իրավունքներ և ազատություններ, «սակայն ազատությունն ու մարդու իրավունքները ռումբերով չեն նվաճվում։ Միայն միջազգային իրավունքն է պաշտպանում դրանք»։ Նա հավելել է, որ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը պետք է պաշտպանել և «միջազգային իրավունքի խախտումները չեն կարող ընդունելի լինել՝ լինի դա Ուկրաինայում, Գրենլանդիայում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Գազայում թե Մերձավոր Արևելքում»։
Կոշտայի ելույթը հնչել է Իրանին հասցվող հարվածների վերաբերյալ եվրոպական առաջնորդների աճող մտահոգության ֆոնին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անցյալ շաբաթ զգուշացրել է, որ հարձակումները «դուրս են գալիս միջազգային իրավունքի շրջանակներից»։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նույնպես բախվել է Վաշինգտոնի քննադատությանը՝ ԱՄՆ զինված ուժերին Իսպանիայում գտնվող իր օդանավակայաններն օգտագործելու թույլտվություն չտալու համար։
Կոշտան խստորեն քննադատել է Իսպանիայի նկատմամբ առևտրային էմբարգո սահմանելու Թրամփի սպառնալիքները՝ կապված վերջինիս դիրքորոշման հետ՝ անցյալ շաբաթ հայտարարելով, որ «ԵՄ-ն միշտ կապահովի իր անդամ պետությունների շահերի լիարժեք պաշտպանությունը»։
Իսկ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «ընթանում է շատ արագ և գրեթե ամբողջությամբ ավարտված է», և որ հակամարտությունը կավարտվի «շատ շուտով»։



