ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական աջակցություն տրամադր...

44-օրյա պատերազմի պարտությունից ավելի քան երկու տարի է անցել, բայց Հայաստանի իշխանությունները գրեթե ոչինչ չեն արել երկրի պաշտպանական համակարգը վերազինելու և ամրացնելու համար։ Սա է պատճառը, որ պատերազմից հետո էլ Արդբեջանի ցանկացած գործողություն ավարտվում է Հայաստանի տարածքների և մարդկային կորուստներով։

Իշխանությունները ոչինչ չանելու համար «հրաշալի» պատճառաբանություններ են բերում։ Նրանք մեկ հայտարարում են, թե զենքի փողը կա, բայց զենք մատակարարող չկա, մեկ հայտարարում են, թե փողը փոխանցել են, բայց մատակարարը զենք չի բերում։ Երբ փորձագետները առաջարկում են ռազմատեխնիկական համագործակղություն սկսել Իրանի հետ՝ իշխանություններն ու իրենց սատելիտները պնդում են, թե ԱՄՆ-ն և հավաքական Արևմուտքը դեմ կլինի Իրանի հետ նման համագործակցությանը։

Այս ընթացքում իշխանություններն իրենց սատելիտների բերանով մշտապես հնչեցնում են վտանգավոր մի թեզ, ըստ որի, եթե մենք խզենք մեր բոլոր կապերը Ռուսաստանի հետ, ապա այդ դեպքում ԱՄՆ զենքի տեսքով աջակցություն կտա մեզ։ Իշխանական քարոզչամեքենան հանրության գլխում մեխում է մի միտք՝ Արևմուտքը պատրաստ է մեզ փրկել, բայց դրա համար պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից և խզենք մեր կապերը Ռուսաստանի Դաշնության հետ։

Հետաքրքիր է, որ այդ նույն քարոզչամեքենան երբեք հանրությանը չի ասի, որ ԱՄՆ-ն 2021 թվականին ոչ մի խնդիր չտեսավ Աֆղանստանից հանվող միլիոնավոր դոլարների զինտեխնիկան անվճար հանձնել ՀԱՊԿ-անդամ, Ռուսաստանի դաշնակից Տաջիկստանին։ Վերջին տարիներին ՀԱՊԿ անդամ Տաջիկստանը ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 350 մլն դոլարի ռազմական աջակցություն (աղբյուրը այստեղ)

ԱՄՆ-ն ռազմական աջակցություն է տրամադրում նաև մեզ համար թշնամական Ադրբեջանին։ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները հրապարակային պնդում են, որ այդ աջակցությունը տրամադրվում է Իրանի դեմ և այդ ճանապարով ստացված զինտեխնիկան չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ։

Հայաստանի դեպքում ԱՄՆ-ն կարծես պատրաստ չէ ռազմական աջակցություն տրամադրել, քանի որ մեր երկիրը այն պետք է օգտագործի Ադրբեջանի դեմ: Միայն վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանին տվել է ավելի քան 164 մլն դոլարի ռազմական աջակցություն (աղբյուրը այստեղ)։ Այս աղբյուրների համաձայն Ադրբեջանին տրված ռազմական աջակցությունը անցնում է 500 միլիոն դոլարը։ Այս աջակցությունը տրվում է Իրանի սահմանին կանգնած Ադրբեջանական զորքին, բայց ակնհայտ է նաև, որ այս աջակցությունը Ադրբեջանին հնարավորություն է տալիս խնայել մի քանի հարյուր միլիոն դոլար Իրանի հետ սահմանային անվտանգությունն ապահովելու համար և այդ միջոցները ուղղում է Հայաստանի ու Արցախի դեմ։
Պատերազմից հետո ԱՄՆ-ն մեծ աջակցություն է տրամադրում ՀՀ կառավարությանը պարեկային ծառայության կազմավորման գործում։ 2021 թվականի օգոստոսի 9-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերին այցելել էին պարեկային ծառայության ուսումնական կենտրոն։ Այցի ընթացքում ԵՄ և ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել էին, որ պատրաստ են շարունակել աջակցել ՀՀ կառավարությանը պարեկային ծառայության ներդրման գործում։

ԱՄՆ դեսպան տիկին Թրեյսին շեշտել էր, որ Միացյալ Նահանգները հպարտ է աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգին և, ընդառաջելով ՀՀ կառավարության խնդրանքին, ապահովել պարեկային ոստիկանների ուսուցումը։ «Մեր ընդհանուր նպատակը իրավապահ հարցերի շուրջ համագործակցության ընդլայնումն է, ոստիկանների ուսուցման և հանրությանը գերազանց ծառայելու ստանդարտների արդիականացումը»,- նշել է դեսպան Թրեյսին։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը նշել էր, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցության տամադրումը Հայաստանին արդարադատության և ոստիկանական բարեփոխումների ոլորտում։ ՀԸԳՀ-ի շրջանակներում ԵՄ ուրախ է աջակցելու Հայաստանի Պարեկային ծառայությանը, այդ թվում՝ ոստիկանական ավտոմեքենաներով ծառայության հագեցմանը:

Արևմուտքի աջակցությունը վայելող պարեկային ծառայությունը ոչ մի կերպ չի նպաստել ՀՀ սահմանների անվտանգության մակարդակի բարձրացմանը, փոխարենը ամրապնդել է գործող իշխանությունների դերը և հայ հանրության համար դարձել է ճնշման բութ գործիք։

Ստացվում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցելու մեր թշնամի Ադրբեջանին՝ բարձրացնելով նրանց բանակի մարտունակությունն ու տեխնիկական հագեցվածությունը, իսկ Հայաստանի դեպքում ԱՄՆ-ն չի ցանկանում աջակցել հայկական բանակին՝ իր գործակալների միջոցով բերելով տարատեսակ պատճառաբանություններ, ամենահաճախ բերվող պատճառաբանությունը ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունների առկայությունն է (հետաքրքիր է, որ ԱՄՆ-ից հարյուր միլիոնավոր դոլարների ռազմական աջակցություն ստացող Ադրբեջանը ևս Ռուսաստանի դաշնակիցն է)։ Փոխարենը ԱՄՆ-ն պատրաստ է աջակցելու Հայաստանի կառավարությանը, երբ խոսքը գնում է հայ ժողովրդին ճնշելու մասին։ Այդ գործի համար ԱՄՆ-ն և ԵՄ-ն այնքան ջանք են թափում, որ մի քանի ամսում Հայաստանի կառավարությունը կարողանում է մի քանի հարյուր պարեկներ «կրթել» և ապահովել ամենաժամանակակից զենքերով ու հանդերձանքով։ Այսինքն ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի դաշնակից Հայաստանին, այդ թվում ռազմական աջակցություն տրամադրել, բայց եթե այդ միջոցները ուղղվում են հայ ժողովրդի դեմ։

Հ․Գ․ Հետաքրքիր է, որ «ժողովրդավարական» Արևմուտքի «կրթած» պարեկները հաճախ ավելի դաժան են հայ քաղաքացիների հետ վարվում, քան նրանց ադրբեջանցի «գործընկերները»։ Սա էլ երևի «ժողովրդավարական» ավանդույթների լավագույն արտացոլումն է։