ԱՄՆ-ն մտել է շաթդաունի երկրորդ շաբաթը. երկրու...

Դեմոկրատների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանրապետականների միջև քաղաքական առճակատումը կարող է դաշնային կառավարության աշխատանքի ժամանակավոր դադարը վերածել ձգձգվող ճգնաժամի, գրում է AFP-ն, այս մասին  զգուշացնում են վերլուծաբանները:

ԱՄՆ-ն մտել է շաթդաունի երկրորդ շաբաթը․ դաշնային գործակալությունները կաթվածահար են եղել, իսկ կողմերը դեռևս պատրաստ չեն փոխզիջման։

«Լիովին հնարավոր է, որ շաթդաունը տևի շաբաթներ, այլ ոչ թե օրեր», — ասել է սենատոր Չակ Շումերի նախկին մամուլի քարտուղար Էնդրյու Կոնիեչուկսկին։

«Այս պահին երկու կողմերն էլ համառորեն պնդում են իրենց դիրքորոշումը և գործնականում փոխզիջման մասին խոսք չկա»։

Առճակատման էությունը դեմոկրատների պահանջն է՝ երկարաձգել առողջապահության սուբսիդիաները, որոնց գործողության ժամկետը շուտով լրանում է։ Միլիոնավոր ցածր եկամուտ ունեցող ամերիկացիների համար դա ծախսերի կտրուկ բարձրացում է նշանակում։

Թրամփը կիրակի օրը մեղադրել է դեմոկրատների փոքրամասնությանը իր բյուջեն արգելափակելու մեջ՝ հայտարարելով, որ «նրանք են դրա պատճառը, մենք պատրաստ ենք առաջ գնալ»։ Նա նաև հայտնել է, որ իր վարչակազմն արդեն սկսել է աշխատանքից ազատել դաշնային աշխատողներին՝ նրանց չվճարվող արձակուրդ ուղարկելու փոխարեն և «բազմաթիվ աշխատատեղեր կորցնելու» մեջ կրկին մեղադրել է իր հակառակորդներին։