
ԱՄՆ-ն և Իսրայելը պայմանավորվել են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) գործունեության դադարեցման շուրջ։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը:
Պարբերականը գրում է, որ ԱՄՆ վարչակազմը որոշել է չերկարաձգել UNIFIL-ի մանդատը, և Իսրայելն, ըստ տեղեկությունների, չի փորձել նրան հակառակը համոզել։
Իր հերթին The Times of Israel-ը հաղորդում է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մանդատի շուրջ քվեարկությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պետք է կայանա օգոստոսին, և ԱՄՆ-ն կարող է պարզապես վետո դնել հաջորդ բանաձևի վրա։
Ըստ հրատարակության աղբյուրների՝ ԱՄՆ-ն դեռ որոշում չի ընդունել UNIFIL-ին աջակցելու վերաբերյալ, բայց ցանկանում է լուրջ բարեփոխումներ տեսնել, ինչը կարող է նշանակել նման աջակցության դադարեցում։
Իսկ Իսրայելում, հրապարակման համաձայն, աջակցում են UNIFIL-ի գործողությունների դադարեցմանը, քանի որ կարծում են, թե Լիբանանի զինված ուժերի ներկայությունը երկրի հարավում համեմատաբար արդյունավետ է եղել «Հեզբոլլահ»-ի կողմից սպառնալիքները հետ մղելու համար։
UNIFIL-ի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ Իսրայելից, ո՛չ ՄԱԿ-ից չեն եղել։
UNIFIL-ը ստեղծվել է 1978 թվականին՝ Լիբանանից Իսրայելի ուժերի դուրսբերումը հաստատելու և տվյալ հատվածում իշխանությունը վերականգնելու գործում կառավարությանն օգնելու նպատակով։ 2006 թվականին Երկրորդ լիբանանյան պատերազմից հետո UNIFIL-ի մանդատը երկարաձգվել է։ Մանդատն ամեն տարի տրվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։ UNIFIL-ն ունի ավելի քան 13 000 անձնակազմի անդամ։