ԱՄՆ-ն մոտ 50 միլիարդ դոլար է ծախսել Իրանի դեմ...

Իրանի դեմ Միացյալ Նահանգների գործողության անցկացման իրական արժեքը մոտ 50 միլիարդ դոլար է՝ մոտավորապես կրկնակի ավելի Պենտագոնի հանրայնացրած ցուցանիշից։

Այս մասին հայտնել է CBS News-ը՝ վկայակոչելով ներքին գնահատականներին ծանոթ ամերիկացի պաշտոնյաներին։

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ զինված ուժերի հարցերով կոմիտեում ապրիլի 29-ի լսումներում Պենտագոնի պաշտոնյաները մոտ 25 միլիարդ դոլար են գնահատել «Էպիկական կատաղություն» գործողության արժեքը։

Գումարը, ինչպես նշել են աղբյուրները, ներառում է բացառապես զինամթերքի արժեքը։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ մինչ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնն այս շաբաթ օրենսդիրների առջև ելույթներում պաշտպանում էին Պենտագոնի՝ 1,5 տրիլիոն դոլարի բյուջետային հայտը, ներքին գնահատականներին ծանոթ աղբյուրները հաշվել են, որ ռազմական գործողության արժեքը ներկայում մոտենում է 50 միլիարդ դոլարին։

Այս գումարը ներառում է ոչ միայն սպառված զինամթերքի, այլև վնասված կամ ոչնչացված ռազմական տեխնիկայի և տարբեր օբյեկտների կորուստների արժեքը։

Պենտագոնի ֆինանսական վերահսկչի ժամանակավոր պաշտոնակատար Ժյուլ Հերսթը ապրիլի 30-ին Սենատի զինված ուժերի կոմիտեի լսումներում հայտարարել է, որ կրած վնասի և տարածաշրջանում օբյեկտների վերականգնման ծախսերը դեռևս դժվար է գնահատել։