ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ ամերիկյան ռազմածովային ուժերը կսկսեն Հորմուզի նեղուցով նավթի լցանավերն ուղեկցել, հենց որ նման հնարավորություն լինի: Այս մասին նա ասել է Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Ես վստահ եմ, որ հենց դա ռազմական առումով հնարավոր դառնա, ԱՄՆ ռազմածովային ուժերը, հնարավոր է, միջազգային կոալիցիայի հետ համատեղ, կուղեկցեն նավերը», - ասել է Բեսենթը։
Նա նշել է, որ դա հնարավոր կլինի այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն հաստատի Իրանի օդային տարածքի նկատմամբ։
«Իրականում այժմ անցնում են լցանավերը, իրանական լցանավերը, կարծում եմ՝ մի քանի լցանավ անցել է չինական դրոշի ներքո։ Այսպիսով, մենք գիտենք, որ նրանք չեն ականապատել նեղուցը», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։
Հարցազրույցում Բեսենթը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ներկա դրությամբ Միացյալ Նահանգների համար արժեցել է մոտավորապես 11 միլիարդ դոլար։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել էր, որ Իրանը, հավանաբար, սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը։
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել էր խիստ միջոցներով, եթե Հորմուզի նեղուցը ականապատվի։ ԱՄՆ-ն հայտնել է մեկ տասնյակից ավելի ականապատող նավ ոչնչացնելու մասին։
Մարտի 12-ին Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները չեն վերացնի Հորմուզի նեղուցի շրջափակումը։



