ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինայի զինված ուժերին (ՈւԶՈւ) «Tomahawk» թևավոր հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն տա Կիևին հեռահար զենքի փոխանցմանը, Financial Times (FT) թերթին հայտնել է բարձրաստիճան արևմտյան զինվորական։ «Դա կվերացնի ուկրաինական զորքերի լայնածավալ պատրաստության անհրաժեշտությունը և թույլ կտա ԱՄՆ-ին պահպանել վերահսկողությունը թիրախի նշանակման և այլ հարցերի նկատմամբ», - նշել է թերթի զրուցակիցը։ Նա հավելել է, որ մատակարարումները հաստատվելու դեպքում հրթիռները հնարավոր կլինի Ուկրաինային փոխանցել «համեմատաբար արագ» կերպով։
Վաշինգտոնը կարող է Կիևին 20-ից 50 թևավոր հրթիռ տրամադրել, ասում է «Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի» (CNAS) պաշտպանական ծրագրի տնօրեն Սթեյսի Փեթիջոնը։ Սակայն Պենտագոնի նախկին պաշտոնյա Մարկ Քանսիանը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է տրամադրել «հարյուրավոր» «Tomahawk»-ներ։ Ըստ նրա հաշվարկների, ամերիկյան զինանոցը ընդհանուր առմամբ ունի շուրջ 4150 նման հրթիռ։ Նույնի մասին էր խոսում նաև Թրամփը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն «շատ «Tomahawk» ունի»։ Միաժամանակ, սահմանափակող գործոն կարող է լինել այս տեսակի հրթիռների համար նախատեսված ցամաքային արձակման կայանների փոքր քանակությունը, կարծում է Վիեննայի ռազմական վերլուծաբան Ֆրանց-Շտեֆան Գադին։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան FT-ի հետ զրույցում նշել է, որ «Tomahawk»-ով հարվածներին Մոսկվայի արձագանքը, ամենայն հավանականությամբ, կլինի «անպատասխանատու հռետորաբանություն», որը կներառի «միջուկային զենքով շառաչյուն»։ Բացի այդ, նրա խոսքով, Ռուսաստանի բանակը կուժեղացնի հարձակումները ճակատի երկայնքով և «մի քանի ավելի լայնածավալ հարվածներ» կհասցնի Ուկրաինային։ «Բայց ես չեմ կարծում, որ կա որևէ շատ կոնկրետ պատասխան, որը ռուսները կարող էին ձեռնարկել այստեղ և որը իսկապես անսպասելի կլիներ», - հավելել է պաշտոնյան։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հոկտեմբերի 17-ին Վաշինգտոնում երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը կքննարկի Ուկրաինային «Tomahawk»-ի փոխանցման հարցը։ Նա նաև նշել էր, որ կարող է զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ասել, որ Կիևին հեռահար հրթիռներ կուղարկի, եթե այլ կերպ չհաջողվի դադարեցնել պատերազմը։



