ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել խուսափել Իրանի դեմ...

Միացյալ Նահանգները Իսրայելին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խուսափել Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից, քանի որ Իսրայելի կառավարությունը դիտարկում է Իրանի վերջին հարձակմանը պատասխան  տալու հարցը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք չենք ձգտում էսկալացիայի, բայց մենք կշարունակենք աջակցել Իսրայելի պաշտպանությանը և պաշտպանել մեր անձնակազմը տարածաշրջանում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իրաքի փոխվարչապետ Մուհամեդ Ալի Թամիմի հետ հանդիպման սկզբում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երկուշաբթի օրվա ընթացքում անցկացրել է իր ռազմական կաբինետի երկրորդ նիստը, հայտնել է կառավարության աղբյուրը։

Մեծանում են մտավախությունները, որ Իրանի հարձակումը կարող է հանգեցնել բաց պատերազմի Իսրայելի և Իրանի միջև՝ տարածվելով ողջ Մերձավոր Արևելքում:

Նախագահ Ջո Բայդենը Նաթանյահուին ասել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցի Իրանին Իսրայելի պատասխան գործողություններին։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը, որը սկսվել է հոկտեմբերի 7-ին, ուղեկցվել է Իսրայելի և Իրանի կողմից Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Իրաքում վերահսկվող ուժերի միջև բախումներով:

Իսրայելը հայտնել է, որ իր չորս զինվորներ վիրավորվել են լիբանանյան տարածքում՝ սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ լիբանանյան «Հեզբոլլահ» զինված խմբավորման հետ գիշերային փոխհրաձգության ժամանակ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր կառավարությունն ամեն ինչ կանի Իսրայելի և Իրանի միջև իրավիճակի սրումից խուսափելու համար։

Յոթնյակի առաջատար արդյունաբերական երկրները «միանշանակ» դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա կիրակի օրը կայացած բանակցություններից հետո։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Յոթնյակի խումբն աշխատում է Իրանի դեմ համակարգված միջոցառումների փաթեթի վրա՝ շաբաթ օրը Թեհրանի՝ Իսրայելի վրա հարձակումից հետո:

«Մենք աշխատում ենք մեր դաշնակիցների հետ՝ հասկանալու համար, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել միասին՝ համաձայնեցված կերպով՝ Իրանի գործողությունները զսպելու և դատապարտելու համար», - ասել է Սունակը խորհրդարանում՝ նկատի ունենալով G7-ի ղեկավարների քննարկումները: