ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 10 000 թիրախ խոցելու...

Ամերիկյան զորքերը Թեհրանի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր ավելի քան 10 000 հարված են հասցրել Իրանի թիրախներին, ոչնչացվել է զենքի արտադրության իրանական ձեռնարկությունների երկու երրորդը: Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը։

«Ընդամենը մի քանի ժամ առաջ մենք խոցեցինք իրանական 10 000-րդ թիրախը։ Եվ եթե մեր ձեռքբերումները համադրենք մեր իսրայելցի դաշնակցի հաջողության հետ, ապա միասին մենք խոցել ենք հազարավոր թիրախներ ավելի՝ հստակ ցույց տալով, որ միասին մենք ավելի ուժեղ ենք», - ասել է նա X սոցիալական հարթակում CENTCOM-ի էջում հրապարակված տեսաուղերձում։

Քուփերի խոսքով՝ գործողության սկզբից ի վեր Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գրոհների հաճախականությունը նվազել է 90%-ով։

«Մենք վնասել կամ ոչնչացրել ենք հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ռազմածովային տեխնիկայի արտադրության իրանական ձեռնարկությունների ավելի քան երկու երրորդը, ինչպես նաև նավաշինարանները, և դեռ չենք ավարտել», - ասել է ծովակալը՝ հավելելով, որ ամերիկյան զորքերն «Իրանի ողջ ռազմական արտադրությունը լիովին ոչնչացնելու ճանապարհին են»։

Բացի այդ, նա հայտնել է, որ ԱՄՆ-ն արդեն ոչնչացրել է Իրանի ռազմածովային նավատորմի հիմնական մարտանավերի 92 տոկոսը։