«Ազգային անվտանգության արխիվը», որը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություն է, իր կայքում հրապարակել է Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի միջև 2001, 2005 և 2008 թվականներին տեղի ունեցած զրույցների երեք գաղտնազերծված սղագրությունները: Փաստաթղթերի բովանդակությունը ներկայացրել է BBC-ի ռուսական ծառայությունը։
Փաստաթղթերի համաձայն՝ նույնիսկ Բուշի հետ իր առաջին հանդիպման ժամանակ Կրեմլի առաջնորդը դժգոհել է, որ Ռուսաստանը «կամավոր կերպով զիջել է հազարավոր կիլոմետր տարածք» և դեմ է եղել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։
Ազգային անվտանգության արխիվը պարզաբանում է, որ վերծանումները հրապարակվել են կազմակերպության կողմից ԱՄՆ-ի տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն ներկայացված դատական հայցի արդյունքում։
Առաջին փաստաթուղթը թվագրված է 2001 թվականի հունիսի 16-ին՝ այն օրը, երբ Պուտինը և Բուշն առաջին անգամ անձամբ հանդիպել են Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Բրդո» ամրոցում։
Ջորջ Բուշ կրտսերն ընտրվել է Միացյալ Նահանգների 43-րդ նախագահ 2000 թվականին, նրա երդմնակալությունը տեղ է ունեցել 2001 թվականի հունվարին: Այդ ժամանակ Պուտինը նույնպես համեմատաբար նոր էր նախագահական պաշտոնում, նա հաղթել էր 2000 թվականի մարտի ընտրություններում։
Ըստ վերծանման՝ երկու առաջնորդները շատ բարյացակամ էին միմյանց նկատմամբ և ցույց են տվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև լավ հարաբերություններ պահպանելու իրենց մտադրությունը։
Դրանից անմիջապես հետո Կրեմլի առաջնորդը հանկարծակի անդրադարձել է պատմության և տարածքային հարցերին։
«Ռուսները կամավոր կերպով հրաժարվեցին հազարավոր քառակուսի կիլոմետր տարածքից, - ասել է Պուտինը Բուշին 2001 թվականի ամռանը։ - Դա անհավանական է։ Նրանք հրաժարվեցին Ուկրաինայից, որը դարեր շարունակ Ռուսաստանի մաս էր կազմել։ Նրանք հրաժարվեցին Ղազախստանից։ Կովկասից նույնպես։ Դժվար է պատկերացնել, և դա արեցին կուսակցական առաջնորդները»։
Այնուհետև Պուտինը Բուշին ասել է, որ կարծում է, որ արևմտյան երկրները հիասթափեցրել են Մոսկվային մի քանի հարցերում, այդ թվում՝ Ռուսաստանի պարտքի հետ կապված հարցը չկարգավորելու և Չեչնիայում արմատական իսլամիստական խմբավորումների գործողություններն անտեսելու հարցում։
Այս հանդիպման ժամանակ Պուտինը նաև հարցրել է Բուշին, թե ինչու է ՆԱՏՕ-ի ընդլայնումն անհրաժեշտ՝ դժգոհելով, որ Ռուսաստանն «իրեն ավելորդ է զգում» դաշինքին վերաբերող հարցերում։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ 1954 թվականին երկիրը դիմել է ՆԱՏՕ-ին միանալու համար, բայց մերժվել է։
«Իրական հարցն այն է, թե ինչպես ենք մենք ասոցացնում Ռուսաստանը քաղաքակիրթ աշխարհի մնացած մասի հետ,- ասել է Պուտինը Բուշին։ - Փաստն այն է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնվում է, և մենք ոչինչ չենք կարող ասել դրա մասին»։
Ինչպես նշում է Ազգային անվտանգության արխիվը, Պուտինի վերջին անձնական հանդիպումը Բուշի հետ տեղի է ունեցել 2008 թ․ ապրիլի 6-ին, Սոչիի մոտ գտնվող Ռուսաստանի նախագահի ամառային նստավայրում՝ Բոչարով Ռուչեյում։
Այս բանակցությունները տեղի են ունեցել Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի կարևորագույն գագաթնաժողովից անմիջապես հետո, որտեղ ԱՄՆ-ն պնդել էր, որ հարկավոր է Ուկրաինային և Վրաստանին հրավիրել դաշինք։ Արդյունքում, դաշինքի անդամները որոշել էին անմիջապես չտրամադրել Կիևին և Թբիլիսիին անդամակցության գործողությունների ծրագիր, սակայն նշել էին, որ երկու երկրներն էլ կարող են ապագայում միանալ ՆԱՏՕ-ին:
Այնուհետև Պուտինն այս որոշումը որակել է որպես Ռուսաստանի անվտանգությանն ուղղված ուղղակի սպառնալիք, որից չորս ամիս անց տեղի ունեցան ռազմական գործողությունները Վրաստանում։
Փաստաթղթի համաձայն՝ հանդիպման սկզբում Պուտինը և Բուշը մանրամասն քննարկել են Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության հարցերը։
Այնուհետև Պուտինն անդրադարձել է ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցին՝ նշելով, որ «Ուկրաինայի նման երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեզ համար կստեղծի երկարատև հակամարտության դաշտ և առճակատում»։
Բուշը նրան հարցրել է, թե ինչու, և Պուտինն ԱՄՆ նախագահին պատասխանել է, որ իր կարծիքով՝ Ուկրաինան «արհեստական պետություն է, որը ստեղծվել է խորհրդային ժամանակներում»։
Պուտինը նշում է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «ստեղծում է Ռուսաստանի մոտակայքում ռազմական բազաների և նոր ռազմական համակարգերի հայտնվելու սպառնալիք» և «ստեղծում է անորոշություն և սպառնալիք մեզ համար»։ Ռուսաստանի նախագահը նաև պնդել է, որ ուկրաինացիների 70%-ը դեմ է ՆԱՏՕ-ին միանալուն։
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի դեմ ուղղված ուժերի վրա հույս դնելով՝ Ռուսաստանը կարող է աշխատել այն բանի ուղղությամբ, որ ՆԱՏՕ-ն այլևս ընդլայնվելու հնարավորություն չունենա, - ասել է Ռուսաստանի նախագահը Բուշին։ - Ռուսաստանը կարող է անընդհատ խնդիրներ ստեղծել այնտեղ»։
Հատկանշական է, որ 2008 թվականին Բուշի հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է. «Մենք դեմ ենք Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, բայց ամեն դեպքում, եկեք սպասենք, մինչև բնակչության մեծամասնությունը «կողմ» լինի, և այդ ժամանակ թող միանան, այլ ոչ թե հակառակը»։
Բուշը բավականին կարճ է արձագանքել Պուտինի հայտարարություններին՝ Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու անցանկալիության մասին։
«Ձեր մեջ ինձ դուր եկող բաներից մեկն այն է, որ դուք չվախեցաք այս ամենը ՆԱՏՕ-ին ասել: Դա գովելի է: Ձեզ ուշադիր լսեցին, և ոչ ոք կասկածի տակ չդրեց Ձեր դիրքորոշումը: Դա լավ ելույթ էր», - նշել է նա։
Ազգային անվտանգության արխիվը նաև հրապարակել է Պուտինի և Բուշի միջև 2005 թվականի սեպտեմբերի 16-ին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած մեկ այլ զրույցի սղագրությունը:
Առաջնորդները հիմնականում քննարկել են միջուկային զենքի չտարածումը և Ռուսաստանի հարաբերությունները Թեհրանի և Փհենյանի հետ: Ըստ հրապարակման հեղինակների՝ զրույցը ցույց է տալիս Իրանի և Հյուսիսային Կորեայի վերաբերյալ դիրքորոշումների զարմանալի նմանություն, որտեղ Պուտինը ներկայանում է որպես նվիրված և աջակցող գործընկեր։



