Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «լիակատար և ամբողջական հաղթանակ» է տարել Իրանի նկատմամբ։ Այս մասին նա ասել է AFP գործակալության հետ զրույցում։
«Լիակատար և ամբողջական հաղթանակ։ 100 տոկոսով։ Դրանում կասկած չկա», - ասել է նա գործակալության հետ կարճ հեռախոսազրույցի ժամանակ։
Թրամփը նաև նշել է, որ խաղաղության շուրջ ցանկացած համաձայնագրում կներառվի Իրանում մնացած միջուկային նյութի հարցը։
«Դա հրաշալի կերպով կկարգավորվի, այլապես ես չէի գա համաձայնության», - ասել է Թրամփն AFP-ին՝ առանց մանրամասնելու, թե ինչ է տեղի ունենալու ուրանի հետ։
Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթն իր հերթին հրադադարի շուրջ համաձայնագիրն անվանել է ԱՄՆ-ի համար հաղթանակ, որն իրականացրել են «նախագահ Թրամփը և մեր անհավատալի զինվորականները»։
Նա նշել է, որ Իրանի դեմ գործողությունը պետք է տևեր 4-6 շաբաթ, սակայն զինվորականների շնորհիվ ԱՄՆ-ն «38 օրում հասել է իր ռազմական նպատակներին և գերազանցել դրանք»։
Իրանն իր հերթին հայտարարել է, որ հաղթել է պատերազմում։ Ըստ Press TV-ի՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի «պատմական և ջախջախիչ պարտության» մասին։
«Իրանը և դիմադրության շարժումն, ըստ էության, լիովին ոչնչացրել են տարածաշրջանում ամերիկյան ռազմական մեքենան», - նշված է հայտարարության մեջ։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը նաև նշել է տարիներ շարունակ տարածաշրջանում հակառակորդի ստեղծած ենթակառուցվածքին և ներուժին «կործանարար և խորը» հարվածներ հասցնելու մասին։
Այս հայտարարություններից առաջ կողմերը հայտնել են երկշաբաթյա հրադադարի և բանակցությունների մասին։



