ԱՄՆ-ն և Չինաստանը մաքսատուրքերի թեմայով բանակ...

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և գլխավոր առևտրային բանակցող Ջեյմիսոն Գրիրը շաբաթվա վերջին Շվեյցարիայում բանակցություններ կվարեն Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգի հետ։

Այս մասին հայտնում է Reuters-ը։ 

Նշվում է, որ այս բանակցությունները կարող են դառնալ համաշխարհային տնտեսությունը խաթարող առևտրային պատերազմի լուծման առաջին քայլը։ Նախատեսվում է, որ Շվեյցարիայում, որը հայտնի է իր չեզոք դիրքորոշմամբ, բանակցային խմբերը կքննարկեն մաքսատուրքերի նվազեցման հարցը։

«Ես զգում եմ, որ սա ուղղված կլինի լարվածության թուլացմանը։ Մենք պետք է թուլացնենք լարվածությունը, նախքան առաջ շարժվելը», ֊ Fox News-ին հայտնել է Բեսենթը։

Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնին Չինաստանը բազմիցս հայտարարել էր, որ չի մասնակցի բանակցություններին, եթե ԱՄՆ-ն չչեղարկի Չինաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը։ Սակայն հետագայում Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ «գնահատում է» Վաշինգտոնի կողմից բանակցություններ վարելու առաջարկը, և որ Չինաստանը համաձայնել է հանդիպել ԱՄՆ պաշտոնյաների հետ։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը մայիսի 7-ի մամուլի ասուլիսում նշել է, որ Պեկինի՝ «ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի չարաշահմանը կտրականապես դեմ լինելու դիրքորոշումը չի փոխվել»։

Սա չինացի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումը կլինի ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսի և Չինաստանի վարչապետ Լի Ցյանի միջև Պեկինում մարտին կայացած հանդիպումից ի վեր։

Ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել տասնյակ երկրների նկատմամբ. չինական ապրանքների համար սահմանվել էին 145% մաքսատուրքեր։ Ի պատասխան դրա՝ չինական կողմը բարձրացրել է ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը մինչև 125%։