ԱՄՆ նախագահի վարչակազմը ժամանակավորապես դադարեցրել է կանխիկ դոլարի մատակարարումներն Իրաք՝ Բաղդադից պահանջելով միջոցներ ձեռնարկել իրանամետ ռազմականացված կազմավորումների դեմ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրների։
Նրանց տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ն նաև սառեցրել է Իրաքի զինվորականների հետ անվտանգության ոլորտի ծրագրերի շուրջ համագործակցությունը։
Հաղորդվում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն արգելել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի հաշիվներից իրաքյան նավթի վաճառքից ստացված մոտավորապես 500 միլիոն դոլարի չափով թղթադրամներ տեղափոխող տրանսպորտային ինքնաթիռի թռիչքը։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ամերիկյան կողմն արդեն երկրորդ անգամ է կասեցնում Իրաքի համար նախատեսված մատակարարումը, նշում է WSJ-ը։ Վաշինգտոնի այդ քայլը հաջորդել է իրանամետ աշխարհազորայինների կողմից Իրաքում և հարևան երկրներում ամերիկյան օբյեկտների վրա հարձակումներին՝ ի նշան Թեհրանին աջակցության։
Հրատարակության աղբյուրների խոսքով՝ Թրամփի վարչակազմն այս ձևով մեծացնում է ճնշումը Բաղդադի վրա, որպեսզի այն ավելի սերտորեն աշխատի Վաշինգտոնի հետ և թուլացնի Թեհրանի հետ իր կապերը։



