ԱՄՆ-ն չորս B-52 ռազմավարական ռմբակոծիչ է տեղա...

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Հնդկական օվկիանոսում  բրիտանական Դիեգո Գարսիա կղզու ռազմակայան են տեղափոխել չորս B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչ՝ ի լրումն այնտեղ ավելի վաղ արդեն տեղակայված վեց B-2 Spirit ռազմավարական սթելս-ռմբակոծիչների: Այս մասին հաղորդում է Air&Space Forces Magazine-ը։

Ինքնաթիռների ժամանումը ռազմակայան արձանագրվել է արբանյակային լուսանկարներով։ Բացի այդ, մայիսի 7-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական զսպման շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնդրյու Գեբարան ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ հայտնել է, որ հանձնարարությունների կատարման համար ուղարկվել է B-52H ռմբակոծիչներից բաղկացած օպերատիվ խումբ, նշում է հրատարակությունը։

B-2 ռմբակոծիչները Դիեգո Գարսիա կղզի էին ժամանել մարտի վերջին։ Նրանք մասնակցել են Եմենի հութիների ռազմական օբյեկտներին զանգվածային ավիահարվածներ հասցնելուն։

Սակայն այդ գործողությունն ավարտվել է մայիսի 6-ին. նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի հութիների դեմ ռմբակոծությունները, քանի որ նրանք համաձայնել են դադարեցնել հարձակումները Եմենի ափերի մոտ գտնվող առևտրային նավերի վրա։ 

Վերլուծաբանները թերահավատորեն են վերաբերվում այն ​բանին, թե հութիները կդադարեցնեն գրոհները։

ԱՄՆ-ի օդուժի գլոբալ հարվածների հրամանատարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել կղզու ռազմակայան ռմբակոծիչների ժամանումը՝ նշելով, որ օպերատիվ անվտանգությունը պահպանելու համար վարժանքների կամ գործողությունների մանրամասները չեն քննարկվում։