Վաշինգտոնը չի բացառում ապագայում իր միջուկային զինանոցի ավելացումը, սակայն այդ մասին որոշումը կկայացնի ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրները։
«Եթե ներկայիս միտումը շարունակվի, և իրավիճակը զարգանա բացասական ճանապարհով, ապա ապագայում կարող է անհրաժեշտություն առաջանալ ավելացնելու ԱՄՆ-ի տեղակայված միջուկային զենքի քանակը»,- ասել է ԱՄՆ-ի անանուն բարձրաստիճան պաշտոնյան: Խոսելով «բացասական սցենարի» մասին՝ նա պնդել է, որ Ռուսաստանը «հրաժարվում է սպառազինությունների վերահսկողությունից», իսկ Չինաստանն ու Հյուսիսային Կորեան «մեծացնում են իրենց կարողությունները»։
Ըստ The Wall Street Journal-ի՝ գաղտնազերծված «միջուկային զենքի ուղեցույցի զեկույցը», որը շուտով կուղարկվի Կոնգրես, չի մատնանշում կոնկրետ քայլեր, սակայն նշում է, որ Վաշինգտոնին «կարող է անհրաժեշտ լինել հարմարեցնել իր միջուկային հնարավորությունները, իր կառուցվածքը և չափերը»՝ հաշվի առնելով այն փաստը, որ «ԱՄՆ-ի շատ հակառակորդներ միջուկային զենքը դարձնում են իրենց ազգային անվտանգության ռազմավարության ավելի կարևոր [բաղադրիչ]»։ Իր երդմնակալությունից հետո Թրամփը կունենա մի քանի «պատրաստի տարբերակներ»՝ այսպես կոչված միջուկային եռյակի բոլոր երեք մասերն ամրապնդելու համար, հավելում է թերթը։
Հունիսին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի սպառազինությունների վերահսկման, զինաթափման և զենքի չտարածման գծով ավագ տնօրեն Փրանայ Վադին ասաց, որ Վաշինգտոնն արդեն «խելամիտ քայլեր է ձեռնարկում»՝ փոխելու իր միջուկային ուժերի հնարավորությունները: Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Նահանգները «չի մշակի ռադիացիա արձակող միջուկային էներգիայով թեւավոր հրթիռներ» կամ միջուկային զենքեր, որոնք նախատեսված են տիեզերքում տեղակայման համար։