ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռներով սուզանավ է ուղարկել...

Ամերիկյան ռազմավարական Ohio դասի ատոմային սուզանավը, որը հանդերձված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով, հասել է Ջիբրալթարի բազա: Այս մասին հաղորդել է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ օպերատիվ նավատորմը։

«Այցը նավահանգիստ ցույց է տալիս Միացյալ Նահանգների կարողությունները, ճկունությունը և հաստատուն նվիրվածությունը ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցներին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Սուզանավը Ջիբրալթար է հասել մայիսի 10-ին։

«Բալիստիկ հրթիռներ կրող Ohio դասի սուզանավերը չհայտնաբերվող մեկնարկային հարթակներ են սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռների համար, որոնք ապահովում են ԱՄՆ-ի միջուկային տրիադայի ամենադիմացկուն բաղադրիչը», - նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում եղած Ohio դասի 14 ռազմավարական սուզանավերից յուրաքանչյուրը կարող է կրել 20 Trident II D-5 բալիստիկ հրթիռ։