Վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ը կտրուկ ավելացրել է Կուբայի ափերի մոտ իրականացվող հետախուզական թռիչքների թիվը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով FlightRadar24 և ADS-B Exchange ծառայությունների տվյալներին։ Փետրվարի 4-ից ի վեր ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերն իրականացրել են առնվազն 25 նմանատիպ թռիչք՝ օգտագործելով թե՛ օդաչուավոր ինքնաթիռներ, թե՛ անօդաչու թռչող սարքեր։ Գործողությունների մեծ մասն իրականացվել է P-8A Poseidon ծովային պարեկային ինքնաթիռներով, որոնք նախատեսված են դիտարկման և հետախուզության համար։ Կիրառվել են նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության մեջ մասնագիտացված RC-135V Rivet Joint ինքնաթիռներ, ինչպես նաև MQ-4C Triton տեսակի բարձրագնաց հետախուզական դրոններ։
Ինչպես նկատում է հեռուստաալիքը, ԱՄՆ-ն նույն այս տեխնիկան ակտիվորեն կիրառել է նաև Իրանի դեմ պատերազմից առաջ և դրա ընթացքում։ Նման պատկեր էր նաև Վենեսուելայի նախկին առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին տապալելու գործողության նախաշեմին, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կոշտ հայտարարություններին զուգահեռ կտրուկ ավելացել էին հետախուզական թռիչքները։ Այսօր ամերիկյան սարքերը հիմնականում պտտվում են Կուբայի երկու խոշոր քաղաքների՝ Հավանայի և Սանտյագո դե Կուբայի մոտակայքում։ Մոնիտորինգի տվյալները ցույց են տալիս, որ որոշ դեպքերում դրանք ափին են մոտնում մինչև 65 կմ հեռավորության վրա։
Ըստ CNN-ի՝ անցյալ տարի ԱՄՆ-ն Կուբայի ուղղությամբ հետախուզությունն իրականացնում էր ընդամենը մի քանի թռչող սարքերով։ Հատկանշական է, որ P-8A Poseidon, RC-135V Rivet Joint և MQ-4C Triton սարքերի համար սա նոր տարածաշրջան է. պատմականորեն դրանք տեղակայված են եղել բոլորովին այլ վայրերում։
2026-ի սկզբին Թրամփն է՛լ ավելի է խստացրել Կուբայի դեմ ուղղված տնտեսական ու քաղաքական ճնշումները։ Նա երկրորդային պատժամիջոցներ ու մաքսատուրքեր է սահմանել այն պետությունների համար, որոնք կհամարձակվեն նավթ վաճառել կղզուն։ Հավանան հռչակելով ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող «վտանգ»՝ նա, ըստ էության, շրջափակման մեջ է վերցրել երկիրը։ Կուբայական կողմը հերքում է Վաշինգտոնի մեղադրանքները՝ շեշտելով, որ պատրաստ են երկխոսության։ Այդուհանդերձ, նրանք զգուշացրել են, որ եթե ամերիկյան զորքերը ներխուժեն կղզի, կսկսվի համատարած պարտիզանական պատերազմ։
Մայիսի սկզբին Թրամփը հայտարարել է Կուբայի ափերին USS Abraham Lincoln ավիակիրը տեղակայելու մասին և սպառնացել է կղզին վերցնել իր վերահսկողության տակ։



