ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը X-ի իր էջում գրել է, որ ամիսներ շարունակ զգուշացնում էր Ադրբեջանի բացահայտ ցեղասպան արշավի մասին Արցախի անմեղ խաղաղ բնակչության դեմ։
Կոնգրեսականի խոսքով՝ Ադրբեջանը հերթական անգամ իրեն դրսևորեց որպես անողոք ագրեսոր՝ Արցախում իրականացնելով սանձարձակ հարձակումներ, որոնց հետևանքով կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ:
«Մենք պետք է դադարեցնենք էթնիկ զտումները և Հայոց երկրորդ ցեղասպանությունը։ Բայդենի վարչակազմին կոչ եմ անում անհապաղ միջոցներ ձեռնարկել»,- գրել է կոնգրեսական ու նշել պատժամիջոցները:
«Նախ՝ նախագահ Բայդենը պետք է անձամբ զանգահարի Ալիևին և պահանջի դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն Արցախի դեմ։
Երկրորդ՝ մենք պետք է անհապաղ գործադրենք ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ ադրբեջանցի ագրեսորներին պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում՝ օգտագործելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են Գլոբալ Մագնիտսկին և 7031c պատժամիջոցները։
Երրորդ՝ մենք պետք է անհապաղ դադարեցնենք ԱՄՆ-ի ցանկացած օգնություն Ադրբեջանին։
Վերջապես, պահանջեք անհապաղ տեղակայել անկախ դիտորդներ Արցախում»։



