Ի հեճուկս մեր մտահոգությունների և մտավախությունների, մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացումներ, որ TRIPP նախագիծը, ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ առաջնահերթություն Միացյալ Նահանգների համար։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«TRIPP–ի հետ կապված պրոցեսները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են և երկու կողմերն էլ, թե Հայաստանի Հանրապետությունը, թե Միացյալ Նահանգները ցանկություն ունեն հնարավորինս ամենաարագ ժամկետներում դա իրականացնել։ Մենք կարող ենք ասել ավելին, որ նախորդ օրերին մենք քննարկել ենք, մասնավորապես, էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, շինարարական աշխատանքները նախատեսվածից ավելի շուտ իրականացնելու հնարավորությունը և ընդհանրապես ցանկացած բան, քանի որ պրոցեսները հասունացած են, հասունանում են և անկասկած է թե Հայաստանի, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների մոտեցումը ծրագրի նկատմամբ որպես բացարձակ առաջնահերթություն։
Առավել ևս հիմա մենք բոլորս կարող ենք պատկերացնել թե դրա տնտեսական նշանակությունը ինչքան է մեծացել։ Եվ ես շատ ուրախ եմ այս արձանագրման համար։ Ուրախ եմ արձանագրել նաև որ ծրագրերի հետ կապված նույնպիսի շահագրգռություն ունի նաև Ադրբեջանը, որովհետև երբ մենք Ադրբեջանի մասին խոսում ենք, շատերն ասում են՝ Ադրբեջանը TRIPP–ին է մասնակցելո՞ւ։ Ոչ մենք պարզաբանում ենք, որ TRIPP–ը պարզապես Թրիպը չի կարող մի փակ սահմանից գնալ հասնել մի փակ սահմանի, պետք է այդ սահմանները բացվեն, որպեսզի երկու կողմից հաղորդակցություն լինի և ուրախությամբ ենք արձանագրում, որ նույնպիսի մոտեցում և շահագրգռություն ունի նաև Ադրբեջանը»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի շահագրգռություններն էլ ակնհայտ են. «գործնականում ամենօրյա աշխատանք է իրականացվում և գործնականում ես եթե սուտ չասեմ, չկա մի աշխատանքային օր, որի ընթացքում ես TRIPP–ի հետ կապված որևէ թեմայի չառնչվեմ, որևէ հանձնարարական չտամ, այդ թվում կառավարության մյուս անդամները, որոնք ներգրավված են պրոցեսի մեջ։
Իհարկե, կային մտավախություններ, բայց հիմա ուղիղ հակառակն է, առաջնահերթություն լինելու աստիճանը Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության համար այս ընթացքում միայն ավելացել է և իմ կանխատեսում այն է, որ առաջիկայում միայն կավելանա ներգրավվածությունը, շահագրգռվածությունը և գործնականացման տեմպերը»,– ասաց վարչապետը։



