ԱՄՆ-ի միջոցները կարող են չբավարարել միանգամից...

ԱՄՆ դաշնակիցները մտավախություն ունեն, որ Վաշինգտոնի հնարավորությունները չեն բավականացնի միաժամանակ մի քանի երկրների օգնելու համար։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով  աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Եվրոպայի եւ Ասիայի մայրաքաղաքներում պաշտոնյաներն էլ ավելի են անհանգստանում այն առիթով, որ  [Վաշինգտոնի] որոշ գործընկերներ կարող են վնասվել, քանի որ  աշխարհում միաժամանակ մի քանի մարտահրավերների առաջացումը «սահմանափակում է դրանց պատասխանելու ԱՄՆ ունակությունը»։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ պաղեստինա-իսրայելական էսկալացիայի սկսվելուց առաջ Վաշինգտոնը ռեսուրսները Մերձավոր Արեւելքից տեղափոխում էր «Ռուսաստանի  եւ Չինաստանի դեմ պայքարի համար»։ Բայց հիմա ԱՄՆ-ն ստիպված է «Իսրայելին խնդրել հետաձգել ցամաքային գործողությունը», մինչեւ որ ուժեր կուտակի տարածաշրջանում։

Ինչպես նշել է գործակալությունը, տագնապեցնող են նաեւ 2024թ. նոյեմբերի նախագահական ընտրությունները, որոնցում կարող է հաղթել Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախկին նախագահը քանիցս ասել է, որ ցանկանում է դուրս գալ ՆԱՏՕ-ից եւ համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ, նշել է Bloomberg-ը։