ԱՄՆ-ի կողմից հեռահար հրթիռների մատակարարումը...

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից է կախված Կիևին Tomahawk հեռահար թևավոր հրթիռների մատակարարումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Մենք խոսել ենք Միացյալ Նահանգների հետ։ Մենք շատ շնորհակալ ենք նախագահ Թրամփին այս երկխոսության համար։ Անցյալ անգամ մենք շատ լավ հանդիպում ունեցանք, շատ արդյունավետ երկխոսություն։ Եվ մենք խոսեցինք հեռահար հրթիռների, հեռահար զենքերի մասին։ Մենք խոսեցինք այդ մասին, այնպես որ, կտեսնենք։ Ամեն ինչ կախված է նրա որոշումից», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Ներկայում Վաշինգտոնը դիտարկում է Tomahawk հրթիռներ ձեռք բերելու՝ Ուկրաինայի խնդրանքը: Այս հրթիռներն ունեն 2500 կմ հեռահարություն և Ուկրաինայի տարածքից արձակվելու դեպքում հեշտությամբ կարող են հարվածել Մոսկվային: 

Կոպենհագենում Զելենսկուն դիմավորել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, որը հայտնել է, որ Ուկրաինայի ղեկավարը կհանդիպի եվրոպացի առաջնորդների հետ: Զելենսկին նաև ուղերձ կհղի ԵՄ ղեկավարներին, ինչպես նաև համատեղ մամուլի ասուլիս կանցկացնի Ֆրեդերիկսենի հետ: 

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով իրազեկ աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ-ն Կիևին տվյալներ կտրամադրի Ռուսաստանում գտնվող թիրախների մասին: