Իրաքում ավարտին է մոտենում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի ավելի քան տասնամյա առաքելությունը։ Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա»-ն։
Դեռ 2024 թվականին Բաղդադն ու Վաշինգտոնը պայմանավորվել էին, որ ամերիկյան կողմն իր առաքելությունը կեզրափակի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։ Դրանից հետո դաշնակիցներն աստիճանաբար դուրս բերեցին իրենց ուժերն Իրաքի տարբեր ռազմաբազաներից՝ կենտրոնանալով միայն Իրաքյան Քրդստանում։ Չնայած սրան՝ Բաղդադը ցանկություն էր հայտնել պահպանել երկկողմ պաշտպանական համագործակցությունը, մինչդեռ, ըստ The National-ի, Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը վաղաժամ էր համարում կոալիցիոն զորքերի հեռացումը երկրից։
Այս առաքելությունը մեկնարկել էր 2014 թվականին։ Թեև ԻՊ հիմնական ուժերին հաջողվեց ջախջախել Իրաքում 2017-ին, իսկ Սիրիայում՝ 2019-ին, դաշնակիցները շարունակեցին պայքարել ահաբեկիչների մնացորդների դեմ։ Պենտագոնի տվյալներով՝ գործողությունների ողջ ընթացքում զոհվել է 123 ամերիկացի զինծառայող, իսկ ոչնչացված ահաբեկիչների թիվն անցնում է 80 հազարից։
Հետագայում, սակայն, տարածաշրջանային լարվածության սրման ֆոնին (հատկապես 2026 թ. փետրվարին ԱՄՆ-ի և Իրանի միջև բռնկված հակամարտությունից հետո), միջազգային ուժերը դարձան Իրաքում գործող իրանամետ խմբավորումների հիմնական թիրախը։
Իրաքի նոր վարչապետ Ալի ալ-Զաիդին ավելի վաղ հայտարարել էր, որ սեպտեմբերի 30-ը վերջնաժամկետ է անօրինական զինված խմբավորումների զինաթափման համար, սակայն այդ ժամկետն ի վերջո ստիպված եղան հետաձգել։ Իր հերթին, ազդեցիկ շիական «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը, ողջունելով օտարերկրյա զորքերի հեռացումը, սպառնացել է քայլերի անել սեփական կառավարության դեմ, եթե վերջինս դեմ գնա ժողովրդին։



