ԱՄՆ-ի և Եմենի հութիների միջև հրադադարի համաձա...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 6-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը կդադարեցնի Եմենում հութիների թիրախների ռմբակոծությունները, քանի որ հութիները համաձայնել են դադարեցնել Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Նրանք ասացին. «Խնդրում ենք մեզ այլևս մի ռմբակոծեք, և մենք չենք հարվածի ձեր նավերին»։ Եվ ես կընդունեմ նրանց խոսքը, և մենք կդադարեցնենք հութիներին ռմբակոծելը՝ սկսած այս պահից», - ասել է ԱՄՆ նախագահը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ։

Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և հութիները համաձայնության են եկել Եմենում հրադադարի շուրջ՝ սուլթանության միջնորդությամբ։

«Օմանի Սուլթանության կողմից Միացյալ Նահանգների և Եմենի Հանրապետության՝ Սանայում գտնվող համապատասխան իշխանությունների հետ վերջերս տեղի ունեցած քննարկումները և շփումները, որոնք նպատակ ունեին թուլացնել լարվածությունը, հանգեցրին երկու կողմերի միջև հրադադարի համաձայնության: Ապագայում ոչ մի կողմ չի թիրախավորի մյուսին, այդ թվում՝ ամերիկյան նավերին Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում՝ ապահովելով նավարկության ազատությունը և միջազգային առևտրային նավագնացության անխափան ընթացքը», - գրել է ալ-Բուսաիդին X սոցիալական հարթակում:

Եմենում մարտի 15-ից Վաշինգտոնի մեկնարկած գործողության ընթացքում, ըստ ԱՄՆ զինված ուժերի, հարված է հասցվել ավելի քան 1000 թիրախի։ Ըստ ամերիկյան կողմի՝ սպանվել են հարյուրավոր հութի մարտիկներ և նրանց բազմաթիվ ղեկավարներ։ 

2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները սկսել էին թիրախավորել Իսրայելի տարածքը և խոչընդոտում էին նրանց հետ կապված նավերի նավարկությունը Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։ Հարձակումները դադարել էին 2025 թ. հունվարի կեսերին պաղեստինյան անկլավում հրադադարի հայտարարումից հետո, սակայն մարտի սկզբին հրադադարի խզումից հետո հութիները կրկին վերսկսել էին Կարմիր ծովում իսրայելական նավերի վրա հարձակումները՝ ի նշան աջակցության Պաղեստինին և Իսրայելից պահանջելով դադարեցնել Գազայի շրջափակումը։