ԱՄՆ-ի ցամաքային զորքերը նոր ռազմավարություն կ...

Միացյալ Նահանգների ցամաքային զորքերը երեք ամսից նախատեսում են մինչև 2040 թվականը երկրի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման նոր ռազմավարություն ներկայացնել, որի շրջանակներում զինվորականները ծրագրում են հաշվի առնել աշխարհի տարբեր վայրերում մարտական գործողությունների ամենաարդիական փորձը։ Այս մասին հայտնել է Defence News պորտալը՝ հղում անելով ԱՄՆ ցամաքային զորքերի Տիեզերական և հակահրթիռային պաշտպանության հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Շոն Գեյնիին։

Ըստ գեներալի՝ նոր ռազմավարության մշակման աշխատանքները շարունակվում են արդեն ավելի քան մեկ տարի։ «Մենք դասեր ենք քաղում նրանից, թե ինչ ենք սովորել մարտի դաշտում, ուսումնասիրում ենք լայն հնարավորությունները, որոնք ընձեռում է արհեստական բանականությունը և առաջադեմ տեխնոլոգիաները, ինչպես նաև միևնույն ժամանակ վերադառնում ենք հիմունքներին՝ հիշելով, որ ծավալները ևս կարևոր են», - նշել է Գեյնին։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Ուկրաինայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների փորձին։

Որպես համապատասխան արձագանքի կարիք ունեցող ամենաարդիական միտումներից մեկը՝ գեներալը նշել է տարբեր տեսակի հրթիռային զենքերի արտադրության աճող տեմպերը և զգալի էժանացումը, որոնք ակտիվորեն օգտագործվում են աշխարհի տարբեր մարտադաշտերում։ Շեշտը դրվելու է հրթիռային սպառնալիքին դիմակայելու վրա՝ մինչև հենց հրթիռների թիրախների ուղղությամբ արձակումը։ «Մենք այլևս չենք կարող շարունակել խնդրին նայել հնացած ձևով՝ մեկ արգելակող հրթիռ մյուսի հետևից։ Հրթիռային սպառնալիքներին դիմակայելը նոր ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկն է», - նշել է Գեյնին։

Գեներալի կարծիքով Արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրումը պետք է զգալիորեն ընդլայնի սպառնալիքների վաղ հայտնաբերման, ինչպես նաև թշնամու հարձակումները հետ մղելու համար մեծ թվով ստորաբաժանումների և տարբեր զենքի համակարգերի համակարգման հնարավորությունները: Միևնույն ժամանակ, նոր ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը կլինի հրամանատարության ջանքերի միավորումը ԱՄՆ զինված ուժերի այլ կառույցների հետ, որը պետք է լինի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախաձեռնված «Ոսկե գմբեթ» բազմամակարդակ հակահրթիռային պաշտպանության համակարգի նախագծի իրականացման ընթացքում:

Նախորդ ռազմավարությունը ներկայացվել է ԱՄՆ ցամաքային զորքերի Տիեզերական և հակահրթիռային պաշտպանության հրամանատարության կողմից՝ 2018 թվականին։ Փաստաթուղթը նախատեսված է մինչև 2028 թվականն ընկած ժամանակահատվածի համար և հիմնականում կենտրոնացած է եղել հակահրթիռային և հակաօդային պաշտպանության կառավարման կառուցվածքային վերաձևակերպման վրա։