
ԱՄՆ-ի ղեկավարությունում ամենաբարձր մակարդակներում տարաձայնություններ են առաջացել այն հարցի շուրջ, թե արդյոք պետք է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ պատերազմի դիվանագիտական ավարտին հասնելու համար։
Միեւնույն ժամանակ բարձրաստիճան գեներալը բանակցությունների կոչ է անում, այնինչ նախագահ Բայդենի մյուս խորհրդականները պնդում են, որ դեռ շատ վաղ է։
Շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Ա. Միլին ներքին խորհրդակցությունների ժամանակ ասել է, որ ուկրաինացիները մարտի դաշտում մոտավորապես հասել են նրան, որքան կարող էին ողջամտորեն ակնկալել մինչեւ ձմեռ, ուստի, նրանք պետք է փորձեն ամրագրել իրենց ձեռքբերումները բանակցությունների սեղանի շուրջ, հաղորդում է NYT-ն՝ վկայակոչելով աղբյուրներին:
Սակայն այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ընդդիմացել են այդ գաղափարին՝ պնդելով, որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ բանակցություններին եւ ռազմական գործողություններում ցանկացած դադար միայն հնարավորություն կտա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերախմբավորվելու։
Չնայած Բայդենի խորհրդականները կարծում են, որ պատերազմը, հավանաբար, վերջնաարդյունքում կկարգավորվի բանակցությունների ճանապարհով, պաշտոնական անձինք հայտարարել են, որ նրանք եկել են այն եզրահանգման, որ պահը դեռ չի հասունացել եւ ԱՄՆ-ն չպետք է ճնշում գործադրի ուկրաինացիների վրա, քանի դեռ նրանք ներքին մղում ունեն։